ԱԺ-ում այսօր անցկացվել են «Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնարար ուղղությունները» թեմայով խորհրդարանական լսումները, որը կազմակերպվել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ:

Հիմնական զեկույցով հանդես է եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նա շնորհակալություն է հայտնել ԱԺ ԳԿՄՍԵՍ հանձնաժողովին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար՝ ընդգծելով, որ ոլորտային նոր օրենսդրություն ունենալու շուրջ աշխատանքները մեկնարկել են ավելի քան 10 տարի առաջ և ընթացել են տարբեր փուլերով: Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ նշյալ գործընթացը վերջնական փուլին հասցնելը վկայում է քաղաքական կամքի առկայության մասին։

Մրցունակ համակարգ՝ ուսանողի, դասախոսի և գիտնականի համար

«Բարձրագույն կրթության և գիտության ոլորտը կարգավորող նոր օրենքի ընդունումը բարդ, ցավոք, նաև խիստ ուշացած բարեփոխման հստակ հանձնառությունն է, և ՀՀ կառավարության կողմից այդ բարեփոխման հանդեպ ազնվությունն է, որն արդեն իսկ ապացուցվել է կրթական մյուս մակարդակներում նախաձեռնված խորքային բարեփոխումներով և այժմ իր հանգրվանին է հասնում բարձրագույն կրթության և գիտության հայեցակարգային և ինստիտուցիոնալ բարեփոխման տեսքով: ՀՀ կառավարությունը բարձրագույն կրթության և գիտության ոլորտում ստանձնել է հստակ հանձնառություններ, որոնք ամրագրված են Կրթության զարգացման մինչև 2030 թվականի պետական ծրագրում, Կառավարության գործունեության ծրագրում, և որոնց իրացման ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկված են էական քայլեր։ Եթե մեկ բառով ձևակերպենք Կառավարության նպատակադրումը, ապա այն միջազգայնորեն մրցունակ բարձրագույն կրթության և գիտության համակարգ ունենալն է, որտեղ յուրաքանչյուր ուսանող վստահ է՝ իր ստացած կրթությունը ճանաչելի է, ընդունելի է և պահանջված, յուրաքանչյուր դասախոս ունի աշխատանքային արժանապատիվ միջավայր, որտեղ դասախոսական աշխատանքը հետազոտական և մասնագիտական անընդհատ զարգացող գործունեություն է։ Մի համակարգ, որտեղ գիտնականի մտավոր սեփականության իրավունքները պաշտպանված են, առկա են գիտական աշխատանքի արդյունքները ձևակերպելու և ներկայացնելու ինստիտուցիոնալ մեխանիզմներ, այդ թվում՝ առևտրայնացման համար։ Մի համակարգ, որտեղ ակադեմիական միջավայրի յուրաքանչյուր մասնակից հարգում է ակադեմիական ազնվության, ինքնավարության, ստեղծագործականության և նորարարության սկզբունքները: Մի համակարգ, որտեղ միևնույն ժամանակ ձևավորված է կառավարման հավասարակշիռ միջավայր՝ հաշվետվողականության, թափանցիկության, պատասխանատվությունների և լիազորությունների բաշխման հստակ մեխանիզմներով, որտեղ կապը կրթության, հետազոտության, տնտեսության և հանրային զարգացման միջև տեսանելի և չափելի է»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Պետության ֆինանսավորմամբ մինչև 8 բուհ՝ հետազոտական ուժեղ բաղադրիչով, որոնցից 4-ը՝ միջազգային վարկանշավորմամբ

Նրա խոսքով՝ այս համակարգն ունենալու համար ՀՀ կառավարությունը նպատակադրվել է ունենալ պետության ֆինանսավորմամբ գործող մինչև 8 բուհ՝ հետազոտական ուժեղ բաղադրիչով, ապահովել բուհերի միջազգային վարկանիշային աղյուսակների առաջին հինգ հարյուրակում ընդգրկված առնվազն 4 բուհի առկայություն, առնվազն կրկնապատկել օտարերկրյա ուսանողների թիվը, որը Ժաննա Անդրեասյանի դիտարկմամբ, նախևառաջ, համակարգի մրցունակության ցուցանիշ է:

«Օտարերկրյա ուսանողներն ընտրում են՝ ուր գնալ և եթե ընտրում են հայաստանյան բուհերը, ուրեմն կա որակ, հեռանկար, մրցունակություն: Ստանձնել ենք պարտավորություն, որ բարձրագույն կրթությունից հետո իրենց մասնագիտությամբ աշխատանք գտնող շրջանավարտների համամասնությունը պետք է հասնի առնվազն 90%-ի. սա շատ հավակնոտ թիրախ է, սակայն ռազմավարությունները չեն կարող հավակնոտ չլինել, հակառակ պարագայում դրանք ընդամենը մեր ընթացիկ աշխատանքի վավերագրումներն են: Հստակ հանձնառություն ենք ստանձնել, որպեսզի պատշաճ առաջադիմություն ունեցող որևէ ուսանող դուրս չմնա բարձրագույն կրթությունից ուսման վարձը չվճարելու պատճառով, և օրենքի նախագիծը պարունակում է նաև այս խնդրի լուծման ինստիտուցիոնալ մեխանիզմներ»,- ներկայացրել է ԿԳՄՍ նախարարը:

Գիտության ոլորտը դարձնել մրցունակ

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ՀՀ կառավարությունը պարտավորվել է նաև գիտության ոլորտը դարձնել մրցունակ՝ էապես մեծացնելով ֆինանսավորումը, ներդնելով գիտնականների տարբեր խմբերին աջակցելու գործիքակազմեր, զուգակցելով ատեստավորման հիման վրա բազային ֆինանսավորման աճով՝ միաժամանակ առանցքային դարձնելով արդյունքի կամ կատարողականի վրա հիմնված ֆինանսավորումը։ Կարևոր խնդիրներից է գիտական հետազոտություն իրականացնելու պատշաճ և մրցունակ միջավայրերի ձևավորումը՝ հագեցած համապատասխան սարքավորումներով։

Գիտության ֆինանսավորումն աճել է 280 տոկոսով

«Կառավարությունը, ըստ էության, իրացրել է գիտության ոլորտի իր խոստումները: 2018-ի համեմատ՝ գիտության ֆինանսավորումը մեծացել է 280 տոկոսով, գիտնականների միայն բազային վարձատրությունը բարձրացվել է 105-300 տոկոսով, ձևավորվել է միջազգայնորեն մրցունակ հետազոտություն կատարելու հագեցած միջավայր՝ կապիտալ ներդրումների խոշոր ծրագրերով, որոնք ոլորտում իրականացվել և իրականացվում են։ Ներդրվել են շուրջ 20 տարբեր դրամաշնորհային ծրագրեր՝ էապես ավելացնելով գիտության մրցունակությունը, որն իր դրսևորումն է ունենում թե՛ գիտական հրապարակումների թվով, թե՛ միջազգային գիտական համակարգերից հնարավոր համագործակցության ծավալները մեծացնելով»,- ասել է նախարարը։

Ակադեմիական քաղաք

ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է նաև Կառավարության խոշորագույն ծրագրերից մեկին՝ «Ակադեմիական քաղաքին», որի շուրջ համախմբվել են տեղական և միջազգային բազմաթիվ գործընկերներ՝ նախապատրաստական փուլը մանրակրկիտ իրականացնելու և բարձրագույն կրթության և հետազոտության արդիական միջավայր ձևավորելու նպատակով։ Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ զուգահեռաբար Կառավարությունը մեկնարկել է բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների միավորման գործընթացը՝ որպես մասնակցային գործընթաց յուրաքանչյուր ուղղությամբ հեղինակավոր և փորձառու գործընկեր բուհերի ուղեկցությամբ:

Ոլորտի քաղաքականացումը և կուսակցականացումը մերժվում է

Այդուհանդերձ, նախարարի նշմամբ, կան հարցեր, որոնք ինստիտուցիոնալ կարգավորում են պահանջում, և օրենքի քննարկվող նախագիծը ուղղված է հենց այդ հարցերի կարգավորմանը։ Անդրադառնալով այդ խնդիրներին՝ Ժաննա Անդրեասյանը, մասնավորապես, ասել է.

«Համակարգի կարևորագույն խնդիրը, որը խեղել է կրթության կառավարման ու ֆինանսավորման համակարգերը, ազդել է բովանդակության և որակի վրա, եղել է կրթական համակարգի ենթարկեցումը քաղաքական և կուսակցական շահերին։ Հատկապես բուհական կրթության մակարդակում սա դրսևորվում էր, օրինակ, ուսանողական ինքնակառավարման կառույցների ձևախեղմամբ. ուսխորհուրդները վերածվել էին երիտկուսակցական օղակների, որտեղ առաջխաղացումը նաև կուսակցական և քաղաքական առաջխաղացման գրավականն էր։ Ուսանողական շահերի ներկայացումը, ըստ էության, ծառայում էր այլ օրակարգերի սպասարկմանը և ուղղված էր օրվա իշխանություններին հնազանդ միջավայր ձևավորելուն, որտեղ որոշումները կայացնում էին կուսակցական և քաղաքական շահերից ելնելով, և ակադեմիական ազատությունն ու քննարկումները հնարավոր էին այնքանով, որքանով չէին վտանգում քաղաքական լոյալությունը։ 2018-ից հետո կրթական համակարգը վերջապես զբաղվում է կրթությամբ, և այսօր «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագծի առաջմղմամբ կրթությամբ զբաղվելու համատեքստը, որը ձևավորվել էր իբրև քաղաքական հանձնառություն և պրակտիկա, ստանում է նաև ինստիտուցիոնալ ամրագրում»,- ընդգծել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նրա դիտարկմամբ՝ համակարգի առողջացումն ու զարգացումը սկսվում են այս շատ կարևոր կետից, երբ կրթական համակարգը ստանում է հստակ և հետևողական ուղերձ, որ իր գործը կրթությունն է, բուհերի դեպքում՝ նաև հետազոտությունը: Նոր օրենքի նախագծով ամրագրված է, որ, մասնավորապես, կուսակցական և պետական պաշտոններ զբաղեցնող անձինք չեն ներգրավվելու խոշորացված բուհերի կառավարման մարմիններում և ղեկավար պաշտոններում։ Այս մոտեցումը զուգակցվում է նաև էթիկայի ստանդարտների և բուհերում էթիկայի հատուկ մարմնի սահմանմամբ, որն արգելելու է բուհերում կուսակցական գործունեությունը կամ քարոզը:

Ակադեմիական ազնվությունը՝ կարևոր սկզբունք և գրագողությունը՝ մերժելու ինստիտուցիոնալ մեխանիզմ

«Էթիկայի մարմինն ու ստանդարտները, իհարկե, կարևոր են ապակուսակցական միջավայրի և որևէ այլ քարոզի բացառման համար, սակայն դրանք պետք է գործեն նաև ակադեմիական ազնվության միջավայրի ապահովման համար: Կարծում եմ՝ որևէ մեկիս համար գաղտնիք չէ ակադեմիական ազնվության գրեթե համատարած բացակայությունը: Որպես օրինակ՝ ամեն քայլափոխի գովազդվող կուրսային ավարտական աշխատանքներ գրելու հայտարարություններն են, մագիստրոսական թեզերի և այլ աշխատանքների վաճառքը, որոնք շարունակաբար հայտնվում են տարբեր ֆակուլտետներում տարբեր տարիներին պաշտպանվող աշխատանքների շարքում։

Մեր լուռ համաձայնությամբ գրագողության այս ավանդույթը սողոսկել էր նաև գիտական տարածք՝ քաղցկեղի նման տարածվել տեղական գիտական ամսագրերում՝ ձևախեղելով գիտական արդյունքի իրական արժեքը հատկապես որոշ բնագավառներում: Այս իմաստով ակադեմիական ազնվության միջավայրը կարող է ձևավորվել համակարգի ինքնամաքրման միջոցով, սակայն ինստիտուցիոնալ հստակ կանոնների և պահանջների առկայությամբ, ինչին էլ ուղղված են օրենքի նախագծի կարգավորումները»,- ներկայացրել է Ժաննա Անդրեասյանը։

Ակադեմիական ազատություն և ինքնավարություն

Նախարարի խոսքով՝ նոր օրենքի նախագծով բուհերի կառավարման համակարգը դառնում է ավելի հորիզոնական՝ պատասխանատվությունների և հակակշիռների բազմաշերտ համակարգի նախատեսմամբ: Միևնույն ժամանակ նախատեսվում է բուհի ակադեմիական ստորաբաժանումների ավելի լայն ինքնավարության աստիճան։

«Սա շատ կարևոր դրույթ է, որովհետև ակադեմիական և հետազոտական բոլոր միջավայրերում կարևորագույնը ստեղծագործ մարդու ազատությունը և ինքնավարությունն են, որպեսզի ստեղծվի նոր գիտելիքը, այն պրոդուկտը, որին էլ ուղղված է համակարգն ընդհանուր առմամբ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նրա խոսքով՝ ներկայում համակարգը ուռճացված է վարչական կամ սպասարկող անձնակազմով, որը լուրջ խնդիր է։

ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ հանրապետություն բուհերում դասավանդող անձնակազմի 51 տոկոսը չունի գիտական աստիճան, հիմնական աշխատող են հանդիսանում ակադեմիական կազմի աշխատակիցների 53%-ը, ընդ որում՝ հիմնական աշխատակազմի 30%-ից ավելին 65 տարեկանից բարձր են:

Նրա խոսքով՝ չափազանց մեծ է նաև համատեղությամբ և ժամավճարով աշխատող դասախոսական կազմի մասնաբաժինը, որը կարող է հարցադրումներ առաջացնել նաև բուհերի կայունության առումով. «Բուհական համակարգը մեծապես կառուցված է դասախոսությունների վրա: Ուսանող-դասախոս հարաբերակցությունը ևս անբավարար ցածր մակարդակի վրա է, ինչը նշանակում է, որ ուսանողը չունի բավարար հասանելիություն և ընտրություն դասավանդման և նյութի բազմազանության առումով և առավել ևս չի կարող հետազոտական աշխատանքի ընթացքում պատշաճ կերպով բավարարել իր կարիքներն ու հետաքրքրությունները։ Ուսանողների հետ աշխատող դասախոսների կեսը չունի գիտական աստիճան, այսինքն՝ ինքնուրույն հետազոտական աշխատանք իրականացնելու հավաստիք, ինչը նաև բացառում է նման հմտությունների ձևավորումը ուսանողների մոտ»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։

Կրթական ծրագրերի բովանդակության և կրկնության մասին

Անդրադառնալով կրթական ծրագրերի բովանդակությանը՝ Ժաննա Անդրեասյանը նշել է՝ 1627 լիցենզավորված կրթական ծրագիր է առկա, որոնցից 790-ը բակալավրական ծրագրեր են, 837-ը՝ մագիստրոսական:

Նախարարի խոսքով՝ միևնույն ծրագիրն իրականացվում է մի քանի բուհերում, ինչն ինքնին խնդրահարույց չէ, սակայն, օրինակ, իրավագիտության բակալավրի որակավորում շնորհում են 31, իսկ մագիստրոսի որակավորում՝ 22 տարբեր բուհեր։ 1996-2023 թվականների ընթացքում ՀՀ գիտական կազմակերպությունից իրավագիտության մասնագիտություններով միջազգային ինդեքսավորվող պարբերականներում տպագրվել է ընդամենը 408 գիտական հոդված: Տնտեսագետի որակավորման ծրագիրն իրականացվում է 27 բուհում. նույն ժամանակահատվածում՝ տպագրվել է 166 հոդված: Այս ցուցանիշները, ըստ նախարարի, խոսում են խորքային խնդիրների մասին՝ ընդգծելով փոփոխությունների անհրաժեշտությունը։

Բուհերի լիցենզավորում և հավատարմագրում

Ժաննա Անդրեասյանի դիտարկմամբ՝ բուհերում որակի վերահսկողության և ապահովման կարևորագույն գործիքը լիցենզավորումն ու հավատարմագրումն է։ Նրա խոսքով՝ գործող համակարգով, ըստ էության, տարանջատված չեն բուհի գործունեության լիցենզիան և որևէ կրթական ծրագրի լիցենզիան, ինչը շփոթ է առաջացնում տրվող լիցենզիայի տրամաբանության և նպատակահարմարության տեսանկյունից։

«Լիցենզավորման և հավատարմագրման համակարգերը սինխրոնացված չեն ո՛չ իրենց տրամաբանության, ո՛չ վարչարարության տեսանկյունից: Օրենքի նախագծով լիցենզավորման և հավատարմագրման գործընթացները փոխկապակցվում են։ Լիցենզավորվումը տարբերակվում է երկու մակարդակի՝ գործունեության թույլտվության լիցենզիա և կրթական ծրագրի լիցենզիա, որը, ըստ էության, հանդիսանում է նախահավատարմագրում։ Ընդ որում՝ լիցենզիայի տրամադրման համար նախատեսված է բավարար ժամանակ՝ անհրաժեշտ վերլուծությունն անելու և կշռադատված որոշումներ կայացնելու համար»,- ասել է ԿԳՄՍ նախարարն ու առանձնահատուկ շեշտել թվային միջավայրերի և կառավարման տեղեկատվական համակարգի ներդրումը: Նրա խոսքով՝ այն թույլ է տալու էապես կրճատել վարչարարությունը, մեծացնել գործընթացների արդյունավետությունը, ինչպես նաև հետագա մշտադիտարկման հնարավորությունը:

Անդրադառնալով բարձրագույն կրթության և գիտության խնդիրներին՝ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է բարձրագույն կրթության և գիտության տարանջատվածությանը:

Բարձրագույն կրթությունն ու գիտությունը պետք է զարգանան միասին

«Պետք է ընդունենք, որ մեր բարձրագույն կրթությունը տարիների ընթացքում հեռացել է հետազոտահենք կրթության օրակարգից՝ ձևափոխվելով առավելապես դասախոսությունների վրա հիմնված գործընթացի՝ հաճախ որակի և մրցունակության էական թերացումներով: Չնայած մենք մաս կազմեցինք Բոլոնիայի համակարգին, սակայն պետք է ընդունել, որ բարձրագույն կրթության երրորդ մակարդակում լրջագույն խնդիրներ կան, որն ակնհայտ է ատենախոսությունների, պաշտպանությունների թվի՝ ըստ բնագավառների վիճակագրությամբ: Սրանք թվեր են, որոնց մենք նայում ենք տարիներ շարունակ և կարող ենք ասել, որ, ըստ էության, փաստացի չի գործում բարձրագույն կրթության եռաստիճան համակարգը, իսկ գիտական աստիճանի շնորհումը չի դիտարկվում որպես բարձրագույն կրթության մաս, այլ պահպանվում է այն համակարգը, որը կար դեռևս Խորհրդային շրջանում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նրա խոսքով՝ միևնույն ժամանակ առկա են լրջագույն խնդիրներ գիտական գործունեության և տնտեսական ոլորտի փոխհամադրելիության միջև․ բուհ-հետազոտություն-տնտեսություն եռանկյունին այնքան էլ արդյունավետ չի գործում: Տարիների ընթացքում նաև թերի իրավական դաշտի և անբավարար ֆինանսական ռեսուրսների պայմաններում ոլորտների կազմակերպական ձևերի մեջ զարգացել է նաև որոշակի հակադրություն:

Գիտության արդյունավետ ֆինանսավորում

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ այժմ պետական բազային ֆինանսավորում են ստանում 44 գիտահետազոտական ինստիտուտներ, որոնցից 5-ը հանդիսանում են ԿԳՄՍ նախարարության ենթակայության կազմակերպություն, 3-ը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության, և 36-ը՝ ԳԱԱ համակարգի:

«Գիտությունների ազգային ակադեմիան գործում է իր առանձին օրենքի շրջանակում, որով գիտական և խորհրդատվական գործառույթները համադրված են վարչարարական և ֆինանսական գործառույթների հետ։ Գիտության կազմակերպման ակադեմիական համակարգը հնարավորություն չի տալիս առավել արդյունավետ կառավարել և ուղղորդել ոլորտի ֆինանսավորումը։ Համակարգում յուրաքանչյուր երկու գիտական աշխատողին զուգահեռ ներգրավված է մեկ վարչական կամ սպասարկող աշխատակից, որը ցույց է տալիս՝ արդյունավետության լրջագույն խնդիրներ ունենք»:

Գիտության փորձաքննության մասին

ԿԳՄՍ նախարարի դիտարկմամբ՝ գիտության ոլորտում, մասնավորապես, «Գիտական և գիտատեխնիկական փորձաքննության մասին» օրենքով նախատեսված են կարգավորումներ, որոնք արդյունավետ փորձաքննության նորարարական, ժամանակակից կամ փորձարարական մեթոդների կիրառման հնարավորություն չեն ընձեռում, ինչը խոչընդոտում է գիտության ոլորտի համադրելիությանը եվրոպական հետազոտական տարածքի հետ և որոշ դեպքերում նաև սահմանափակում է ֆինանսավորման նոր ծրագրերի ներդրումը:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ օրենսդրական կարգավորման բացակայության պատճառով էապես սահմանափակված են բարձրագույն կրթության համատեղ կրթական ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Միևնույն ժամանակ, բացակայում են օրենսդրական կարգավորումները կրկնակի որակավորման ծրագրերի համար, ինչն էապես դժվարացնում է բուհերի միջև համագործակցությունը, ինչպես նաև օտարերկրյա բուհերի հետ համատեղ կամ կրկնակի որակավորման կրթական ծրագրերի իրականացումը: Նախարարի ընդգծմամբ՝ սա սահմանափակում է նաև ուսանողների հնարավորությունները։

Բուհերում ուսանողների թիվը նվազել է

«Եթե 2011-ին ուսանողների ընդհանուր թիվը Հայաստանում եղել է 102 հազարից ավելի, ապա 2021-ին արդեն 73 հազար էր կամ շուրջ մեկ երրորդով պակաս: Ուսանողական համակազմի այս կրճատումը չի ուղեկցվել բուհական համակարգի կառուցվածքային փոփոխությամբ: Հայաստանի 38 բուհում սովորում է 2000-ից քիչ քանակի ուսանող, այդ թվում՝ ութ պետական բուհերում, ինչը նշանակում է, որ բուհերը գործում են անընդհատ ֆինանսական անբավարարության պայմաններում՝ ի վիճակի չլինելով ապահովել ակադեմիական կազմի պատշաճ վարձատրությունը, կրթական ենթակառուցվածքների պահպանությունը և զարգացումը»,- ասել է ԿԳՄՍ նախարարն ու նշել՝ բուհերի խոշորացման գործընթացն արդեն տևական ժամանակ իրականացվում է բազմաթիվ երկրներում:

Բուհերի ֆինանսավորման բարելավում և ուսանողների փորձառություն

Ժաննա Անդրեասյանը նաև նշել է՝ լրջագույն խնդիրներ են առկա բուհերի ֆինանսավորման համակարգում: Նրա դիտարկմամբ՝ չի կարող բարձրագույն կրթությունը զարգանալ, եթե չի գործում ֆինանսավորման արդյունավետ համակարգ:

«Բուհերը ստանալու են հնարավորություն՝ ունենալու առանձին ֆինանսավորում ինստիտուցիոնալ կառուցվածքների համար, նորարարությունն ու մրցունակությունը խթանելու համար: Միաժամանակ ներդրվում է ուսանողների կրթաթոշակային համակարգ, որը հնարավորություն է տալու պատշաճ առաջադիմության դեպքում ապահովել նրանց կրթության անընդհատությունը պետության աջակցությամբ: Լրջագույն խնդիրներ ենք տեսնում նաև ուսանողի փորձառության վերաբերյալ. ուսանող լինելը չի նշանակում միայն ներկա լինել լսարանում և լսել դասախոսին: Ուսանող լինելը նշանակում է ունենալ հասանելիություն այն միջավայրերին ու ենթակառուցվածքներին, որտեղ նաև նրանք զարգանում են և դառնում մասնագետներ: Այդ ենթակառուցվածքների հասանելիությունն է նաև, որ պետք է ապահովի ուսանողական փորձառությունը: Սա ներառված է օրենքի հիմնական հասկացությունների շարքում, և մեզ համար կարևորագույն սկզբունք է»:

Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է ակադեմիական քաղաքին՝ նշելով, որ ուսանողական կացարանները, անհրաժեշտ միջավայրի ձևավորումը ունենալու են նշանակալի ազդեցություն՝ ապահովելով նաև կրթության որակի բարելավում:

Ուսանողական սպորտ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև ուսանողական սպորտին: Նրա դիտարկմամբ՝ սպորտի զարգացման հիմնական խողովակներից մեկը բուհական ուսանողական մարզական ակումբներն են, իսկ նոր օրենքի նախագծով կարգավորումներ են նախատեսվում նաև այս նպատակով։

Ամփոփելով խոսքը՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ ներդրվել են մի շարք նոր գործիքներ, որոնք նպաստելու են բարձրագույն կրթության և գիտության համակարգի՝ միջազգայնորեն մրցունակ դառնալուն։

«Ես, նախարարության մեր թիմը և, կարծում եմ, որ շատ մարդիկ, որոնք ամեն օր աշխատանք են դնում ոլորտի կայացման, բարեփոխման և արդյունք ստանալու համար, խորապես հավատացած ենք, որ այս ինստիտուցիոնալ բարեփոխումը լինելու է, որը միանգամայն իրատեսական է»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը՝ շնորհակալություն հայտնելով ներկայության և մասնակցության համար:

Այնուհետև, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը պատասխանել է խորհրդարանական լսումների մասնակիցների հարցերին, անդրադարձել մի շարք կարևոր խնդիրների: