ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հունիսի 26-ին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տարածքում տեղի կունենա «Է» խորագիրը կրող միստերիա-օրատորիայի առաջին ներկայացումը:
Ստեղծագործությունը հեղինակել են կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը և Վասգեն Բրուտյանը։
Օրատորիա-միստերիան նախատեսում է երաժշտական նոր ստեղծագործության ներկայացում Հայաստանի տարբեր տեսարժան վայրերում՝ զուգակցված վիզուալ ձևավորմամբ։ Յուրաքանչյուր կատարում տեղի կունենա պատմական հուշարձանների հարևանությամբ՝ այդպես նոր շունչ ու ժամանակակից շարունակականություն հաղորդելով մշակութային կոթողներին։ Տվյալ վայրի պատմական հուշարձանը կդառնա միստերիայի անբաժան մասը՝ իր վրա կրելով վիզուալ անիմացիոն պրոյեկցիա և գեղարվեստական ձևավորում։
Բազմաշերտ և բազմադրվագ օրատորիայում հանդես կգան կատարողներ Արփի Սինանյանը (սոպրանո) և Մերի Միսակյանը (սոպրանո), Հայկական պնղձյա փողային կվինտետը՝ ընդլայնված կազմով. Ազատ Հարությունյան (շեփոր), Նարեկ Գրիգորյան (շեփոր), Արմեն Կարագյան (գալարափող), Արշավիր Իսահակյան (գալարափող), Վարդան Պապիկյան (տրումբոն), Դավիթ Ասրյան (տուբա), Էդուարդ Պապոյան (հարվածային գործիքներ):
Օրատորիայի երաժշտության հեղինակն է Վաչե Շարաֆյանը, իսկ վիզուալ ձևավորումների հեղինակը՝ Վասգեն Բրուտյանը։
Այսօր հատկապես արդիական է դարձել ճանաչել և պաշտպանել հայոց ճշմարիտ պատմությունը։ Ինչպես վկայում է մարդկության պատմությունը, այս նպատակին հասնելու ամենաազդեցիկ միջոցներից մեկը եղել է բարձրարժեք արվեստը։ Հենց այդ պատճառով հեղինակների համոզմամբ՝ օրատորիա-միստերիայի ստեղծումն ու իրականացումն այսօր առավել քան երբևէ կարևոր է ու պահանջված։
Ներկայացվող երաժշտական միստերիան, որը բազմալեզու է և ներառում է նաև ուրարտերեն, նպատակ ունի աշխուժացնել մշակութային կյանքը ոչ միայն մայրաքաղաքում, այլև Հայաստանի մարզերում։
Նախագիծը լինելու է շարունակական բնույթի՝ ներառելով չորս համերգների շարք, որոնք կանցկացվեն Հայաստանի տարբեր տեսարժան վայրերում։