ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Խաչիկ Ասմարյանի անվան լողափնյա վոլեյբոլի ակադեմիայում օրերս կայացել է ՀՀ լողափնյա վոլեյբոլի տղամարդկանց և կանանց 2025 թվականի առաջնությունը:
Առաջնությունն առաջին անգամ անցկացվել է նոր համակարգով. պայքարը սկսել են կանանց 10 և տղամարդկանց 14 թիմեր: Չորս օր թիմերը մրցել են ենթախմբերում, որից հետո տղամարդկանց լավագույն 8 և կանանց 6 թիմեր անցել են հաջորդ փուլ: Երկրորդ փուլում թիմերը հանդես են եկել օլիմպիական՝ մինչև երկու պարտություն համակարգով:
Տղամարդկանց շրջանում մրցանակային տեղերի համար հիմնական պայքարն ընթացել է փորձառու թիմերի միջև: Ի վերջո, հաղթողի կոչմանն արժանացել է «Երևան» թիմը (Անդրէ Սիմոնի/Վահե Նազարյան), արծաթե մեդալին արժանացել է ՖԻՄԱ-2-ը (Խաչատուր Ասմարյան/Հայկ Բաղրամյան), իսկ լավագույն եռյակը եզրափակել է «Գյումրին» (Կարեն Տիգրանյան/Պյոտր Իկոմասով):
Կանանց պայքարում չեմպիոնի կոչմանն արժանացել է Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը, որը հավասար պայքարում 2:1 հաշվով առավելության է հասել «Ֆասթի» նկատմամբ: Կանանց Մ18 տարեկանների հավաքականի կազմում ընդգրկված են եղել Ելիզավետ Տոնոյանը և Ամալյա Կարապետյանը: Արծաթե մեդալները նվաճած «Ֆասթ» թիմի կազմում հանդես են եկել Էլեն Առաքելյանը և Նարինե Հակոբյանը: Երրորդ տեղը զբաղեցրել է «Գեղաշեն» թիմը (Արփինե Բադալյան/Լուսինե Գևորգյան):
Մրցանակակիր թիմերը պարգևատրվել են մեդալներով, գավաթներով: Մրցանակակիր թիմերի մարզիկները Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի կողմից նաև դրամական պարգևներ են ստացել:
Առաջնության հաղթող թիմերը իրավունք են ձեռք բերել մասնակցելու Եվրոպայի վոլեյբոլի կոնֆեդերացիայի 2025 թվականի լողափնյա վոլեյբոլի ակումբային առաջնությանը: