ՅՈՒՆԵՍԿՕ-ի Փարիզի կենտրոնակայանում կայացել է «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» 2005 թ․ կոնվենցիայի մասնակից պետությունների համաժողովի 10-րդ նստաշրջանը, որի ընթացքում Հայաստանն ընտրվել է նշյալ կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի անդամ և կոնվենցիան համակարգող բյուրոյի փոխնախագահ՝ ներկայացնելով Արևելաեվրոպական տարածաշրջանային խումբը։
Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը: Նիստի աշխատանքներին մասնակցող ՀՀ պատվիրակության կազմում էր ԿԳՄՍՆ ժամանակակից արվեստի և գրահրատարակչության վարչության պետ Սվետլանա Սահակյանը:
Սվետլանա Սահակյանը ելույթներով հանդես է եկել քառամյա պարբերական զեկույցների ներկայացման և նոր շրջափուլի անցման, Մշակութային բազմազանության ինքնարտահայտման ձևերի պաշտպանության և խրախուսման կոնվենցիայի միջազգային հիմնադրամի (IFCD) գործունեությանը վերաբերող օրակարգային հարցերի վերաբերյալ:
ՀՀ պատվիրակությունը ելույթներ է ունեցել նաև տեխնոլոգիական արդի մարտահրավերների հաղթահարման նպատակով հավելյալ իրավական գործիքի մշակման, փորձագիտական խմբերի կողմից իրականացված աշխատանքների, կոնվենցիայի 20-ամյակին նվիրված միջոցառումների և այլ օրակարգային կետերի վերաբերյալ։
Նիստի աշխատանքները եզրափակվել են կոնվենցիայի 20-ամյակին նվիրված թեմատիկ պանելային քննարկումներով և համերգով, որտեղ տարածաշրջանը ներկայացնում էր Հայաստանը՝ «Երազ» պարային համույթով: