ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում ներկա է եղել վիետնամցի անվանի դաշնակահար Լու Դուկ Անի վարպետության դասերին: Նախարարի տեղակալը հետևել է դասապրոցեսին, զրուցել ծրագրի մասնակից պատանի դաշնակահարների և վիետնամցի անվանի դաշնակահար Լու Դուկ Անի հետ:
Վիետնամցի անվանի դաշնակահար Լու Դուկ Անի վարպետության դասերն անցկացվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Վարպետության դաս. մեկնարկ» կրթամշակութային ծրագրի շրջանակում՝ Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում:
Ծրագիրն իրականացրել է «Հարմոնիում» ՀԿ-ն (գեղարվեստական ղեկավար՝ դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Արմեն Բաբախանյան):
Ծրագրի նպատակ է բացահայտել պատանի տաղանդավոր երաժիշտ-կատարողներին, նպաստել նրանց մասնագիտական կարողությունների զարգացմանը, հանրային ճանաչելիության բարձրացմանը, ինչպես նաև հանրապետական և միջազգային երաժշտական մրցույթներին, փառատոներին և այլ նախագծերին մասնակցությանը:
Վարպետության դասերին մասնակցել են հանրապետության տարբեր ուսումնական հաստատությունների շնորհալի պատանի դաշնակահարները, որոնք ընտրվել են մասնագիտական լսումների արդյունքում: Մասնագիտական լսումներն իրականացվել են «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի մասնագետների, մասնավորապես՝ պրոֆեսոր Սերգեյ Քեչեկի և ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Արմեն Բաբախանյանի կողմից: