ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության դեսպանատան համագործակցությամբ Երևանի Կասկադ համալիրում նշվել է Յոգայի միջազգային օրը:

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության դեսպան Նիլակշի Սահա Սինհային:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի խոսքով՝ Հայաստանում յոգային նվիրված միջոցառումների անցկացումը հրաշալի առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու Հայաստան-Հնդկաստան միջմշակութային երկխոսությունը, դրա շարունակական ընթացքը, ինչպես նաև երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու պետական մակարդակով ամրապնդվող փոխհարաբերությունները։

«Յոգայի միջազգային օրվան նվիրված միջոցառումները Հայաստանում ոչ միայն հարգանքի տուրք են Հնդկաստանի պատմական և մշակութային ժառանգությանը, այլև Հայաստան-Հնդկաստան միջմշակութային երկխոսության և համագործակցության կայուն զարգացման վկայություն։ Ամեն տարի ականատես ենք լինում, թե ինչպես է աճում միջոցառմանը մասնակցող հնդիկ և հայ քաղաքացիների թիվը: Սա հստակ փաստում է յոգայի նկատմամբ մեր հանրության խորացող հետաքրքրությունը։ Հայաստանի Հանրապետությունն առանձնակի կարևորություն է տալիս Հնդկաստանի հետ հարաբերությունների շարունակական խորացմանը։ Մեր երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 33 տարի առաջ, և այս ավելի քան երեք տասնամյակի ընթացքում ձևավորվել է բազմապրոֆիլ համագործակցություն: Կրթությունը, մշակույթը և միջմշակութային հաղորդակցությունն այն հիմնասյուներն են, որոնց վրա կառուցվում են ամուր միջպետական հարաբերությունները։ Դրանք միավորում են ժողովուրդներին՝ նպաստելով փոխըմբռնման, հարգանքի և համերաշխության խորացմանը»,- նշել է Դանիել Դանիելյանը:

Յոգայի միջազգային օրը հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2014 թվականին. 179 երկիր, այդ թվում՝ Հայաստանը, կողմ է քվեարկել այս նախաձեռնությանը: 2015 թվականից սկսած՝ ամեն տարի նշվում է Յոգայի օրը ՝ նպաստելով առողջ ապրելակերպի տարածմանը և մշակութային արժեհամակարգի փոխանակմանը։ 2016 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից «Յոգա» անվամբ հայտը գրանցվել է որպես մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգություն՝ որպես հնդկական փիլիսոփայության և կենսակերպի արտահայտություն։