ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Միավորվելով հանուն սոցիալական արդարության» թեմայով 3-րդ միջազգային համաժողովին և հանդես եկել բացման խոսքով։
Ժաննա Անդրեասյանը բանախոսել է «Արժանապատիվ աշխատանք բոլորի համար. կանանց, երիտասարդների և հաշմանդամություն ունեցող անձանց հզորացում» խորագրով պանելային քննարկման ժամանակ։
«Սոցիալական արդարության թեմայի շուրջ համախմբվածությունը ցույց է տալիս, որ այն կարևոր է ոչ միայն երկրի օրակարգում, այլև միջազգային մակարդակում, և Հայաստանը միջազգային հարթակ է կարևոր խոսակցությունների համար: ՀՀ կառավարության ծրագրերը և դրանից բխող գործողությունները միտված են ավելի արդար հասարակություն ունենալուն, որի ամենակարևոր գործիքներից մեկը կրթությունն է: Նախևառաջ կրթական համակարգում է, որ մենք փոխանցում ենք հիմնական արժեքներն ու գիտելիքը, հմտություններն ու գաղափարները, դաստիարակում ենք երեխաներին՝ որպես քաղաքացիների: Կրթության բովանդակությունից է կախված, թե որքանով արդար կլինի հասարակությունը»,- բացման խոսքում ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նախարարը նշել է, որ վերջին տարիներին իրականացվող կրթության բովանդակային բարեփոխումներն ուղղված են արդար հասարակության ձևավորմանը։ Այս համատեքստում նա անդրադարձել է դասագրքերին, որոնց միջոցով հնարավոր է նպաստել պատկերացումների, իրավունքների, հանրային ընդգրկվածության ու ճիշտ մոտեցումների ձևավորմանը:
«Կրթական համակարգը նպաստում է ավելի արդար հասարակության ձևավորմանը՝ հանդես գալով որպես սոցիալական կապիտալ: Պաշտոնական վիճակագրությունը փաստում է՝ ինչքան ցածր է մարդու կրթական մակարդակը, այնքան ավելի մեծ է նրա աղքատ լինելու հավանականությունը, և կա ուղիղ կապ այս երկու երևույթների միջև: Երբ խոսում ենք բարձրագույն կրթություն ունեցող մարդկանց մասին, խոսում ենք նաև նրանց շրջանում ավելի քիչ սոցիալապես անապահով խմբերի մասին»,- ասել է նախարարը՝ կարևորելով որակյալ և մրցունակ կրթությունը, որը զարգացման ուղիղ ճանապարհ է:
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ խնդիրները հստակ ձևակերպված են ՀՀ՝ կրթության մինչև 2030 թ. զարգացման ծրագրում, որը այս ուղղությամբ մեր ամենակարևոր ռազմավարական փաստաթուղթն է և միակն է, որ հաստատվում է Ազգային ժողովի կողմից՝ հիմք ընդունելով կրթության առանցքային բնույթը:
ԿԳՄՍ նախարարը նշել է նաև, որ այս տարի առաջին անգամ ընդունվել է «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքը, որն աջակցելու է զբաղվածության ռազմավարությանը, բարձրացնելով երիտասարդների մրցունակությունը, և լուծելու նրանց առջև ծառացած խնդիրները:
«Արժանապատիվ աշխատանք բոլորի համար. կանանց, երիտասարդների և հաշմանդամություն ունեցող անձանց հզորացում» խորագիրը կրող պանելային քննարկմանը նախարարը ներկայացրել է կրթության տարբեր մակարդակներում իրականացվող բարեփոխումները, ինչպես նաև անդրադարձել երիտասարդության ոլորտի քաղաքականությանը և վերջերս ընդունված նոր օրենքին։
Կրթության բարեփոխումների մասին խոսելիս նա առանձնացրել է համընդհանուր ներառականության քաղաքականությունը․ «Հանրակրթության ոլորտում տարիներ առաջ սկսել էինք անցումը դեպի համընդհանուր ներառականություն և այսօր արդեն ունենք գործող համակարգ: Մասնագիտական կրթության ոլորտում նաև համապատասխան ինստիտուցիոնալ կարգավորումներն ամրագրելու խնդիր կար: Այս առումով նախորդ տարին շատ կարևոր էր «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» ՀՀ օրենքի ընդունումը, որով մի կողմից հնարավոր է դառնում կրթության բովանդակության համապատասխանեցումն աշխատաշուկային՝ սահմանելով աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելը, մյուս կողմից շատ ավելի ճկուն հնարավորություններ են ստեղծվում հաշմանդամություն ունեցող անձանց մասնագիտական կրթության համար: Օրինակ՝ մասնակի որակավորումների կարգավորումները թույլ են տալիս ֆորմալ կրթական ծրագիր չանցնելու դեպքում ստանալ կոնկրետ մոդուլով ուսուցում, ձեռք բերել կոնկրետ հմտություններ և ապահովել զբաղվածություն»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Կարևորելով քոլեջներում հաշմանդամություն ունեցող անձանց առավել լայն ներգրավվածությունը՝ նախարարն անդրադարձել է նաև խելամիտ հարմարեցումներին, ինչպես նաև հաշմանդամ ուսանողներին տրվող կրթաթոշակներին, որոնց չափը 2023 թվականից էապես մեծացել է:
Նախարարի խոսքով՝ ներկայում քննարկվող «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծով ևս ներառականությանն առնչվող մի շարք կարգավորումներ են նախատեսվում։ Առաջիկայում ՀՀ ԱԺ-ում նախատեսվում են օրենքի նախագծի հանրային լսումները։
«Տարբեր բուհեր այս ընթացքում փորձում են իրենց առանձին կարգավորումներն ունենալ: Վերջերս ԵՊՀ-ում ես համոզվեցի, որ բուհը կարողացել է ապահովել տարբեր տարածքներ մուտք գործելու մատչելիություն, որը լրջագույն խնդիր է և նաև կրթության հասանելիության առումով խոչընդոտ է հանդիսանում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է նաև տեխնոլոգիական զարգացման հնարավորությունները կրթության հասանելիության և մատչելիության տեսանկյունից օգտագործելու հեռանկարներին: Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը շեշտել է գործուն համակարգ ունենալու անհրաժեշտությունը:
Այնուհետև Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է երիտասարդության ոլորտին՝ կարևորելով «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի ընդունումը։
«Օրենքում առաջին հերթին ձևակերպել ենք պետության մոտեցումը երիտասարդական քաղաքականության և երիտասարդների նկատմամբ: Առանձնացվել են երիտասարդների տարբեր խմբեր՝ հասկանալու, թե որ մեկի հետ ինչ խնդիր կա: Արձանագրվել է, որ ամենակարևոր խնդիրներից մեկը մնում են որևէ տեղ չաշխատող և չսովորող երիտասարդները, որոնք, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, երիտասարդական քաղաքականության մեջ առանձնացված են որպես ամենախոցելի խմբեր:
Որպես ՀՀ կառավարության ծրագրի մաս՝ մարզերում երիտասարդական կենտրոնների ստեղծման քաղաքականություն ենք վարում, որն իրականացվում է պետություն-համայնք-մասնավոր հատված եռակողմ համագործակցությամբ: Պետությունը տալիս է դրամաշնորհ հասարակական կազմակերպությանը, որը համագործակցում է համայնքի հետ՝ ստեղծելով երիտասարդական կենտրոն»,- ասել է նախարարը:
Նրա իրազեկմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունըկենտրոնների համար մշակել է ուղեցույց՝ ինչ հիմնական շեշտադրումներ պետք է ունենան և ինչի շուրջ պետք է աշխատեն։
«Մեր առանձնահատուկ նպատակը երիտասարդական կենտրոնների ցանցի ձևավորումն է: Ինչ-որ փուլում երիտասարդական կենտրոնները կհավատարմագրվեն՝ դառնալով ավելի մեծ ցանցի մաս, ինչը նրանց հնարավորություն կտա ծավալելու միջազգային համագործակցություն»,- նշել է նախարարը՝ տեղեկացնելով, որ ՀՀ կառավարության ծրագրով 25 այդպիսի կենտրոնների հիմնում է նախատեսված, որոնցից 9-ն արդեն գործում են։
Ըստ նրա՝ նախորդ տարի ավելի քան 8000 երիտասարդ տարբեր ծրագրերի է մասնակցել երիտասարդական կենտրոններում։
Նախարարը պատասխանել է նաև քննարկման մասնակիցների հարցերին՝ անդրադառնալով ոլորտային բարեփոխումների՝ հանրային կյանքում ունեցած ազդեցությանը։