ՀՀ կառավարությունը ԿԳՄՍ նախարարությանը 2025 թ. պետբյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցների հաշվին կատարել է վերաբաշխում՝ 433 մլն 428 հազար դրամի չափով՝ կրթական և մշակութային հաստատությունների շենքային պայմանների և ենթակառուցվածքների, ինչպես նաև գույքային հագեցվածության բարելավման նպատակով։
Մասնավորապես՝ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության, ուսումնասիրությունների, չափագրությունների համար կհատկացվի 5,2 մլն դրամ, որով նախատեսվում է իրականացնել՝
- տեղեկատվական մոդուլային կենտրոնի «Ագարակ» պատմամշակութային արգելոցի հարակից տարածքում տեղակայման համար տարածքի չափագրություն,
- Մարտունու Ս․ Դարբինյանի անվան համար 2 հիմնական դպրոցի տանիքի մասնակի նորոգման նախագծանախահշվային փաստաթղթերի մշակում։
Մի շարք կառույցների շինարարական աշխատանքների համար կհատկացվի 392, 5 մլն դրամ, որով նախատեսվում է իրականացնել՝
- Երևանի թիվ 8 արհեստագործական պետական ուսումնարանի շենքի հիմնանորոգման ծավալների ավելացում,
- Վանաձորի Կ. Ղարաքեշիշյանի անվան թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարանի շենքի հիմնանորոգման ծավալների ավելացում,
- Արամ Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված դպրոցի թեթև կոնստրուկցիաներով մարզադահլիճի կառուցման ծավալների ավելացում,
- «Արամ Խաչատրյան» համերգասրահում արևմտյան աստիճանավանդակի հատվածում վերելակի տեղադրում,
- Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոնի շենքի տանիքի, հուշ-տնակի նորոգման, տարածքի բարեկարգման աշխատանքների ծավալների ավելացում,
- 5 մանկապարտեզում մսուրային խմբերի ձևավորման համար նախատեսված տարածքների նորոգում (Երևանի թիվ 56 մսուր–մանկապարտեզ, Գյումրու «Ժպիտ» մսուր–մանկապարտեզ, Գյումրու «Հուսո առագաստ» մսուր–մանկապարտեզ, Վանաձորի թիվ 30 մանկապարտեզ և Վանաձորի թիվ 31 մանկապարտեզ):
Բյուջետային հատկացման շրջանակում անհրաժեշտ գույք ձեռք կբերվի նաև Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի, Երևանի թիվ 91, Երևանի Վ. Պետրոսյանի անվան թիվ 51, Մարտունու Մ․ Մելիք-Շահումյանցի անվան թիվ 1 հիմնական դպրոցների, Սևանի Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի համար: