ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ Գրքի երևանյան միջազգային փառատոնն ընդլայնվում է և 2025 թվականին կանցկացվի նաև ՀՀ մարզերում, մասնավորապես՝ Սյունիքում և Շիրակում։
Համապատասխան որոշումն այսօր ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում:
Որոշման համաձայն՝ Գրքի միջազգային փառատոնի պատշաճ իրականացման նպատակով հատկացվել է 19,1 մլն դրամ, որից 9,1 մլն դրամը՝ վերաբաշխում կատարելով ԿԳՄՍ նախարարության 2025 թվականի բյուջեում։ Համաձայն հիմնավորման՝ մարզերում Գրքի միջազգային փառատոնի անցկացումը կարող է նպաստավոր պայմաններ ստեղծել ստեղծագործական կարողությունների դրսևորման և մշակութային կյանքի աշխուժացման համար: Նախաձեռնության նպատակն է խթանել մշակութային կյանքի ապակենտրոնացումը, ընթերցանության մշակույթի զարգացումը և տարածումը՝ մշակութային ակտիվ հոսքերում ներգրավելով մարզերում ապրող գրողներին և ստեղծագործողներին։
2017 թվականից սկսած՝ փառատոնն անցկացվել է միայն Երևանում, և դրա շուրջ հանրապետական և միջազգային հետաքրքրությունները տարեցտարի ավելացել են, ինչն էլ հիմք է հանդիսացել փառատոնը մարզեր տեղափոխելու համար։
Իրավական ակտի ընդունմամբ մինչև տարեվերջ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Սյունիքի և Շիրակի մարզերում կանցկացվեն մի շարք մշակութային միջոցառումներ ու ծրագրեր, որոնք կնպաստեն հայ դասական և ժամանակակից գրականության հանրայնացմանը, մշակույթի ոլորտում տեղեկատվության բացի լրացմանը, նոր հրատարակությունների հասանելիությանը: