ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ընկերակցությունն իրականացնում է «ՀՀ երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի դպրոցներում ուսումնամեթոդական և գործնական օգնություն, մանկավարժների դասալսումներ» ծրագիրը։
Ծրագրի շրջանակում անցկացվում է «Հայրենիքը, արվեստն ու ես» մրցույթ-ստուգատեսը, որը բաղկացած է երեք փուլից։ Մրցույթի 2-րդ փուլն ընթանում է հունիսի 19-21-ը Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցում:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հետևել է մրցույթ-ստուգատեսի ընթացքին, զրուցել հանձնաժողովի անդամների և մասնակիցների հետ՝ քաջալերելով և հաջողության մաղթելով նրանց: Նա անդրադարձել է նախարարության աջակցությամբ տարիներ ի վեր իրականացվող դասալսումների ծրագրի կարևորությանը՝ ընդգծելով, որ լսումների արդյունքում ՀՀ բոլոր երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի դպրոցներում կատարվում է մոնիթորինգ, որի արդյունքում քարտեզագրվում են ոլորտում առկա բացերն ու կարիքները:
Նախարարի տեղակալի նշմամբ՝ թե՛ մարզերում, թե՛ Երևանում զուգահեռ անցկացվում է «Ազգային, փողային, լարային նվագարանների գծով ուսուցում» պետական ծրագրի շրջանակում ընդգրկված աշակերտների ունկնդրում՝ կազմակերպված համապատասխան մասնագիտական հանձնախմբերի կողմից։
«Ծրագրի իրականացման միջոցով կարողանում ենք հասկանալ, թե որտեղ և որ գործիքի ուսուցումը ինչ մակարդակում է գտնվում, ուսուցանման գործընթացներն ինչպես են ընթանում հանրապետության տարբեր դպրոցներում: Նախարարությունը յուրաքանչյուր տարի գումարներ է հատկացնում ազգային նվագարանների, փողային, լարային գործիքների պետական պատվերին՝ դրանցով ուսուցումը և հավասարապես զարգացումն ապահովելու նպատակով: Այս լսումների արդյունքում կարողանում ենք հստակ պատկեր ունենալ գործընթացների վերաբերյալ, գույքագրել և հանձնախմբերի միջոցով տեղում տրամադրել մեթոդական, գործնական և կազմակերպչական աջակցություն, վարպետաց դասերով գործնական օգնություն ցուցաբերել դպրոցներին, մանկավարժներին և սաներին»,- ասել է Դանիել Դանիելյանը:
Նախարարի տեղակալը վստահեցնում է՝ այս ծրագիրը միաժամանակ աջակցություն է դասավանդող անձնակազմին՝ գնահատելու աշակերտների պատրաստվածության մակարդակը և ձևավորելու հետագա մասնագիտական աջակցության ուղղությունները:
«Պետության նպատակն է ՀՀ բոլոր մարզերում ունենալ բարձր մակարդակով ազգային նվագարանների ուսուցանում և կատարողական արվեստի զարգացում»,- ասել է Դանիել Դանիելյանը։
«ՀՀ երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի դպրոցներում ուսումնամեթոդական և գործնական օգնություն, մանկավարժների դասալսումներ» ծրագրի ղեկավար Մարինե Մարգարյանի տեղակացմամբ՝ ծրագիրը, որը նախարարության կողմից անցկացվում է ավելի քան մեկ տասնամյակ, մեծապես նպաստել է հանրապետությունում մշակութային կրթության զարգացմանը:
«Այս տարի ծագրի իրականացումը վստահվել է «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ընկերակցությանը, և նախարարության կողմից դրվել է հստակ ուղերձ, որպեսզի այն իրականացվի նոր գաղափարներով, արդի մոտեցումներով և լայն թափով, ինչին մենք հետամուտ ենք: Մրցույթի առաջին փուլն ընդգրկում էր Հայաստանի բոլոր մարզերն ու քաղաքները։ Մասնագիտական հանձնախմբերը՝ կազմված հանրապետության առաջատար մասնագետներից, այցելել են երաժշտական, արվեստի, կերպարվեստի և պարարվեստի բոլոր դպրոցներ՝ ունկնդրելով շուրջ 5100 աշակերտի, ինչպես նաև ուսումնական գործընթացի դիտարկման և օգնության նպատակով աշխատելով դպրոցների մանկավարժների, տնօրենների և աշխատակազմերի հետ»,- նշել է ծրագրի ղեկավարը՝ հավելելով, որ գրեթե բոլոր մարզերում եղել են։
Մարինե Մարգարյանի խոսքով՝ ընթանում է նաև ծրագրի շրջանակում անցկացվող «Հայրենիքը, արվեստն ու ես» մրցույթի 2-րդ փուլը՝ երևանյան լսումները:
Մրցույթի 3-րդ՝ հանրապետական եզրափակիչ փուլը, անցկացվելու է աշնանը, որին կմասնակցեն մարզերը և մայրաքաղաքը ներկայացնող, նախորդ փուլերում ընտրված լավագույն մենակատարներն ու խմբերը։ Եզրափակչում հաղթող մասնակիցները, նրանց մանկավարժներն ու աչքի ընկած երաժշտական հաստատությունները կարժանանան դրամական պարգևների։