Վայոց ձորի Եղեգնաձոր համայնքում «Թումո տուփ» կստեղծվի. ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել է Եղեգնաձորի Շահումյան 12 փողոցում գտնվող 7519 քմ հողամասից 625 քմ-ն հետ վերցնելու և անհատույց օգտագործման իրավունքով «Սիմոնյան» հիմնադրամին հանձնելու մասին որոշման նախագիծը։

Անդրադառնալով «Թումոյի» վիճակագրությանը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ մեր երկրում գործում են 6 խոշոր կենտրոններ և դրանց կից 35 տուփեր, որտեղ շաբաթական հաճախում է ավելի քան 21 հազար երեխա:

Նախարարի խոսքով՝ ոչ ֆորմալ կրթական ծրագրերն այսօր դարձել են հասանելի Հայաստանի ամենատարբեր բնակավայրերում: 2011 թվականին մայրաքաղաքում բացվել է «Թումո Երևանը»՝ 4 կից տուփերով, և այն ամեն շաբաթ ընդունում է ավելի քան 12.200 սովորողի: Տավուշի մարզում գործում է Դիլիջանի կենտրոնը՝ կից 11 տուփերով: Ամեն շաբաթ այստեղ հաճախում է 2200 երեխա: Շիրակի մարզում գործում է Գյումրու կենտրոնը՝ կից 10 տուփերով՝ շաբաթական 3300 երեխայի այցելությամբ: Սյունիքի մարզում բացվել է Կապանի կենտրոնը՝ կից 3 տուփերով՝ շաբաթական 1200 երեխայի այցելությամբ: Տավուշի մարզում գործում է Կողբի կենտրոնը՝ կից 4 տուփերով՝ շաբաթական շուրջ 1000 սովորողի հաճախելիությամբ: Վայոց ձորի Եղեգնաձոր համայնքում արդեն իսկ առկա էր ժամանակավոր կենտրոն՝ կից 3 տուփերով՝ շաբաթական 800 երեխայի այցելությամբ: Նախարարի դիտարկմամբ՝ նոր տուփի ստեղծումը կընդլայնի երեխաների մասնակցության հնարավորությունները:

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև կրթական այս մոդելի մրցունակությանն աշխարհում՝ տեղեկացնելով, որ «Թումոն» ընդլայնվում է աշխարհի տարբեր երկրներում: Հունիսի 1-ին «Թումո» կենտրոն է բացվել Ճապոնիայում, իսկ մի քանի օր առաջ «Թումո» կենտրոնի հիմնարկեք էր Ուրուգվայում:

ԿԳՄՍ նախարարը նաև անդրադարձել է COAF կենտրոններին, որտեղ ավելի քան 5000 երեխա է հաճախում՝ 54 բնակավայրից:

Բացի դրանից՝ պետությունը ֆինանսավորում է տեխնոլոգիական ոլորտի հետ համատեղ «Արմաթ» խմբակների գործունեությունը: Այս պահին 1044 խմբակ կա, որտեղ շուրջ 16 հազար երեխա է հաճախում:

«Սա ցույց է տալիս, որ ոչ ֆորմալ կրթության հնարավորությունները կրթական համակարգում էապես ընդլայնվել են, որը նաև կրթության որակի բարձրացման և դպրոցին աջակցության շատ կարևոր ուղղություն է»,- ասել է նախարարը: