ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ՝ Վենետիկի ժամանակակից արվեստի 61-րդ միջազգային բիենալեում ազգային տաղավարի ձևավորման նպատակով։ Բիենալեն անցկացվելու է 2026 թ. մայիսի 9-ից նոյեմբերի 22-ը՝ «In Minor Keys» (Փոքր տոնայնություններում) խորագրի ներքո։

Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացիները:

Մրցույթն անցկացվում է հայեցակարգի ներկայացման (պրեզենտացիա) և հարցազրույցի միջոցով:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ԿԳՄՍ նախարարություն ներկայացնել հայտ, որը ներառում է հետևյալ փաստաթղթերը.

  • դիմում-հայտաձև՝ համաձայն հավելված 1-ի,
  • համադրողի և արվեստագետների ինքնակենսագրությունները,
  • ցուցադրության հայեցակարգի (կոնցեպտ) նկարագիրը (2-5 էջ),
  • ցուցադրության կազմակերպման նախահաշիվը,
  • տեղեկություն հայտատուի կողմից համաֆինանսավորման մասին:

Փաստաթղթերը ներկայացվում են հայերեն և անգլերեն՝ biennale.venetik.armenia@gmail.com էլեկտրոնային հասցեով։ Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է՝ 2025 թ. սեպտեմբերի 15-ը ներառյալ:

Մասնակիցների ընտրությունը կազմակերպվում է փակ քվեարկությամբ: Բիենալեների մասնակցության փորձը ցանկալի է և կդիտարկվի որպես առավելություն։

Վենետիկի ժամանակակից արվեստի 61-րդ միջազգային բիենալեի համակարգող էր ընտրվել Կոյո Կուոն, որի վաղաժամ մահից հետո կազմկոմիտեն որոշում է կայացրել ցուցադրությունն իրականացնել Կոյո Կուոյի ընտրած մասնագետների օգնությամբ (Գեյբ Բեքհյուրսթ Ֆեյխուին, Մարի Էլեն Պերեյրային և Ռաշա Սալթիին, գլխավոր խմբագիր Սիդդհարթա Միթերին և օգնական Ռորի Ծապայիին):