Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հայտարարում է «Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպություններում արտերկրի գիտնականների «PostDoc-Armenia 2025/2»» մրցույթ:
Մրցույթի նպատակն է արտերկրի և Սփյուռքի գիտնականների ներուժի ներգրավվածությամբ նոր, մրցունակ և հեռանկարային գիտական ուղղությունների ստեղծումը, միջազգային համագործակցության միջոցով հայաստանյան գիտական կազմակերպությունների ներուժի զարգացումը և գիտական միջավայրի բարելավումը:
Մրցույթին կարող են մասնակցել.
- 1985 թ. հունվարի 1-ից հետո ծնված,
- 2010 թ. հունվարի 1-ից հետո գիտական աստիճան ստացած արտերկրյա գիտնականները, որոնք
- մրցույթի հայտարարմանը նախորդող 4 տարիների ընթացքում գումարային 12 ամիս և ավելի չեն ուսումնառել կամ աշխատել ՀՀ-ում (բացառությամբ «Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպություններում արտերկրի գիտնականների «PostDoc» ծրագիր 2023» շրջանակներում իրականացվող նախագծերի ղեկավարների)։
Հայտատուն նախագծի իրականացման ընթացքում պետք է բնակվի ՀՀ-ում որպես ՀՀ քաղաքացի կամ ռեզիդենտ:
Նախագծերի ֆինանսավորման համար պայմանագրերը կնքվում են մրցույթի արդյունքները հրապարակելուց հետո շահառու նախագծերի ղեկավարների ՀՀ տեղափոխվելուց հետո` 10-օրյա ժամկետում։
Նախագծի ֆինանսավորման առավելագույն չափը կարող է լինել՝ 12,600.0 հազար (տասներկու միլիոն վեց հարյուր հազար) դրամ, իսկ ընտանիքի անդամ(ներ)ի հետ Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելու դեպքում` 16,200.0 հազար (տասնվեց միլիոն երկու հարյուր հազար) դրամ:
Նախագծի իրականացման ընթացքում հայտատուն պետք է ունենա հայաստանյան կազմակերպության աշխատակից հանդիսացող, գիտական աստիճան ունեցող մենթոր, որը հայտատուին կաջակցի գիտական և կազմակերպչական հարցերում։
Որպես նախագծի վերջնարդյունք հայտատուն պետք է ներկայացնի ոչ պակաս, քան 2 գիտական հրապարակում առնվազն Q2 քառորդին համարժեք SJR ինդեքս (SCImago Journal Rank Indicator) ունեցող պարբերականներում, որոնցից առնվազն մեկը պետք է լինի Մենթորի համահեղինակությամբ։