ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Կողք կողքի» կրթամշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ իրականացվել է «Hope for dreams» ներառական երաժշտական փառատոնը:
Նախագիծը միտված է զարգացման առանձնահատկություններով երեխաների և պատանիների ստեղծագործական ներուժի բացահայտմանը։ Նախագծի շրջանակում մասնագետները շարունակական աշխատանքի միջոցով զարգացնում ու կատարելագործում են երեխաների և պատանիների ստեղծագործական կարողությունները։ Այնուհետև մեկ հարթակում և մեկ գաղափարի շուրջ համախմբվում են սահմանափակ կարողություններ ունեցող ստեղծագործող երեխաները և դեռահասները՝ մասնագիտացված երաժիշտների հետ:
Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի «Փոքր թատրոնի» բեմում տեղի է ունեցել համերգ, որի շրջանակում իրենց առաջին քայլերն են արել զարգացման տարբեր առանձնահատկություններ ունեցող երեխաներն ու դեռահասները։
Այնուհետև Ստեփանավանի Արթուր Ղարիբյանի անվան արվեստի դպրոցում անցկացվել է սեմինար՝ «Երաժշտությունը որպես կամուրջ՝ ներառական հասարակություն ձևավորելու համար» թեմայով: Սեմինարը վարել է «Կողք կողքի» ներառական կրթամշակութային ՀԿ-ի նախագահ, երաժիշտ, հոգեբան, երաժշտաթերապևտ Նաիրա Սարգսյանը: Սեմինարին հաջորդել է «Hope for dreams» նախագծի սաների համերգային ծրագիրը: Նաիրա Սարգսյանը սեմինար է անցկացրել նաև Գորիսի ՏՄԱԿ-ի մասնագետների համար, քննարկվել են ոլորտում առկա խնդիրներն ու հետագա համագործակցության հեռանկարները։
Նշենք, որ ծրագրին մասնակցում են զարգացման առանձնահատկություն ունեցող շուրջ 40 երեխաներ և դեռահասներ, 10 երաժիշտ դեռահասներ և կամավորներ՝ Հայ- ռուսական համալսարանից։
Նախագծի գործընկերն է Երևանի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնը: