ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ իրականացվում է «Փայտփորիկ» սոլֆեջոյի առաջին հանրապետական օլիմպիադիան:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն օլիմպիադայի եզրափակիչ փուլի ընթացքին հետևելու նպատակով այցելել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց։ Հաստատության տնօրեն Գարիկ Նազարյանի ուղեկցությամբ Դանիել Դանիելյանը շրջել է սենյակներում, զրուցել երեխաների հետ, հաջողություն մաղթել նրանց, ինչպես նաև հետաքրքրվել օլիմպիադայի նախապատրաստական աշխատանքներով:

Կարևորելով օլիմպիադայի անցկացումը՝ նախարարի տեղակալը նշել է, որ «Սոլֆեջո» առարկայի ուսուցման որակի բարելավման և դասավանդման մեթոդների վերանայման անհրաժեշտություն է տեսնում։

«Հնարավոր չէ առանց երաժշտական տեսություն իմանալու՝ լավ երաժիշտ դառնալ․ մենք բոլոր ջանքերը ներդրում ենք, որպեսզի երեխաները ստանան որակյալ երաժշտական կրթություն: Ոլորտի զարգացման նպատակով ստեղծվում են քննարկման, փորձի փոխանակման, մասնագետների համատեղ գործունեության հարթակներ, որոնք կնպաստեն մասնագիտական խնդիրների արդյունավետ լուծմանը: Անհրաժեշտ է հետաքրքրություն և գրավչություն մտցնել դասավանդման մեթոդներում:

Շարունակական քայլեր են ձեռնարկվում նաև մարզերում երաժշտական և արվեստի դպրոցներում կրթության որակի բարձրացման ուղղությամբ՝ վերապատրաստումների, վարպետության դասերի և տարբեր նախաձեռնությունների միջոցով»,- նշել է նախարարի տեղակալը և հավելել, որ որակյալ երաժշտական կրթությունը ոչ միայն արհեստավարժ մասնագետներ ունենալու, այլև համերգասրահներում գրագետ ունկնդիր և կրթված քաղաքացի ձևավորելու նախապայման է:

Դպրոցի տնօրեն Գարիկ Նազարյանի ներկայացմամբ՝ օլիմպիադայի նախնական ընտրության փուլին մասնակցել է ՀՀ-ում գործող երաժշտական և արվեստի դպրոցների շուրջ 200 սովորող, որոնցից 84-ը, հաղթահարելով նախնական փուլը, մասնակցում է եզրափակիչ փուլին:

«Ուրախալի է այն փաստը, որ եզրափակիչ փուլ են անցել ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ բոլոր մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների սաներ, ինչը խոսում է մշակույթի՝ տարածքային համաչափ զարգացման մասին»,- նշել է Գարիկ Նազարյանը և հավելել, որ օլիմպիադայի արդյունքները կամփոփվեն հունիսի 18-ին:

Դպրոցի տնօրեն տեղեկացմամբ՝ օլիմպիադայի 2 փուլերի արդյունքում 53-56 միավոր ստացած մասնակիցները կարժանանան օլիմպիադայի դափնեկրի կոչմանը: 3-րդ կարգի մրցանակին կարժանանան ընդհանուր արդյունքներով 57 միավոր, 2-րդ կարգի մրցանակին՝ 58 միավոր, իսկ 1-րդ կարգի մրցանակին՝ 59 միավոր վաստակած մասնակիցները: Օլիմպիադայի մեծ մրցանակին և հաղթողի կոչմանը կարժանանան ընդհանուր արդյունքներով 60 միավոր վաստակած մասնակիցները:

Տնօրենի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարության առաջարկությամբ օլիմպիադայի շրջանակում անցկացվել է նաև մեթոդական աշխատանքների մրցույթ: Ներկայացվել է 8 դասատուի մեթոդական աշխատանք, որոնք կներկայացվեն կազմկոմիտեին՝ հաղթողին որոշելու նպատակով:

«Այս նախաձեռնությունը միտված է «Սոլֆեջո» առարկայի նոր մեթոդիկաների տեղայնացմանը, որպեսզի դասատուները վերցնեն և կիրառեն դրական փորձը: Մինչ օլիմպիադայի մեկնարկն անցկացվել են սեմինարներ, խորհրդակցություններ՝ շուրջ 200 տնօրենների, սոլֆեջոյի դասատուների մասնակցությամբ: Ձևավորվել է մի հարթակ, որտեղ մշտապես քննարկվելու են երաժշտության տեսության դասավանդմանն առնչվող հարցեր»,- նշել է դպրոցի տնօրենը և շնորհակալություն հայտնել ԿԳՄՍ նախարարությանը՝ նախաձեռնությանն աջակցելու համար:

ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Փայտփորիկ» սոլֆեջոյի հանրապետական օլիմպիադայի կազմկոմիտեի անդամ Աննա Ասատրյանը ողջունել է նախաձեռնության իրականացումը և վստահություն հայտնել, որ օլիմպիադայի անցկացումը կխթանի երեխաների երաժշտական գրագիտության բացահայտումն ու զարգացումը:

«Հաճելի է, որ առաջին անգամ անցկացվող այս օլիմպիադային մասնակիցների թիվը մեծ է, ինչը վկայում է, որ երաժշտական դպրոցներում սովորում են մտածող, խելացի երեխաներ: Հատուկ ուզում եմ ընդգծել ուսուցիչների աշխատանքն ու ծնողների հետևողականությունը երեխաներին որակյալ երաժշտական կրթություն տալու հարցում»,- ասել է Աննա Ասատրյանը՝ կարևորելով մրցույթ-ստուգատեսի շարունակականությունը։