ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և ««Սևան» երիտասարդական ակումբ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում տեղի է ունեցել «ՍևանաՑԱՆՑ» երիտասարդական կրթական մշակութային ճամբարը:
Ծրագրի նպատակը Գեղարքունիքի մարզի երիտասարդների շրջանում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության գաղափարի տարածումն է, որը կնպաստի մշակութային և բնապահպանական կրթության խթանմանը:
Կազմակերպվել է երիտասարդական մշակութային եռօրյա ճամբար, որտեղ ներգրավվել են Սևան, Լճաշեն, Գավառ, Գանձակ, Սարուխան, Ծովակ, Կուտական, Ճամբարակ, Լիճք, Վարդենիկ համայնքների երիտասարդները: Ճամբարի մասնակիցները ձեռք են բերել գիտելիքներ ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության, մշակութային տարրերի գրառման ընթացակարգի մասին, ինչպես նաև հանդիպել բանասացներին՝ գործնականում կիրառելով ստացած գիտելիքները:
«ՍևանաՑԱՆՑ» երիտասարդական կրթական ճամբարի մասնակիցները ծանոթացել են նաև «Սևան» երիտասարդական ակումբի «Ափդեյթ» ծրագրին, որի շրջանակում հիմնվել է «ԳԱՄՄԱ բենդ» երաժշտական խումբը, որը մասնակցել է մարզի ազգագրական երգերի մշակմանն ու հանրայնացմանը:
Ակնկալվում է, որ ճամբարից հետո օգտագործելով նոր հմտություններն ու գիտելիքները՝ մասնակիցներն իրենց համայնքներում կհավաքագրեն ոչ նյութական մշակութային ժառանգության տարրեր, որոնք կհանրայնացվեն և կներառվեն ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ցանկերում: