ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է ««Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետությունում Ռուս-hայկական համալսարանի գործունեության պայմանների մասին» նոր համաձայնագրի նախագիծը:

Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի դեկտեմբերին Մոսկվայում՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև միջկառավարական նիստի շրջանակում: Այն կոչված է կարգավորելու համալսարանի գործունեությունը, ուղղված է կրթական և գիտահետազոտական գործունեության արդյունավետության բարձրացմանը, Հայաստանի և Ռուսաստանի օրենսդրությունների համապատասխանեցմանը:

Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ համաձայնագրով ՀՀ-ում Ռուս-hայկական համալսարանը հանդիսանում է պետական համալսարան՝ հիմնադրամի կարգավիճակով: Համալսարանի կառավարման մարմիններն են կառավարման խորհուրդը, ռեկտորը և գիտական խորհուրդը: Խորհրդի 12 անդամից 4-ը նշանակվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, 4-ը՝ ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարության կողմից, ևս 4 հոգու առաջադրում է բուհը՝ խորհրդակցական ձայնի իրավունքով: Ռեկտորն ընտրվում է մինչև 5 տարի ժամկետով՝ առավելագույնը 2 անգամ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը նաև նշել է՝ հստակեցումներ կան ընդունելության, ակադեմիական իրավունքների, ֆինանսավորման, շենքերի և գույքային հարցերի վերաբերյալ:

Արթուր Մարտիրոսյանը պատասխանել է նաև պատգամավորների հարցերին: Համաձայնագրի նախագիծը ստացել է դրական եզրակացություն: