ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել և դրական եզրակացություն է տվել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենսդրական փաթեթին:
Այն ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը՝ տեղեկացնելով, որ առաջին ընթերցումից հետո ներկայացված առաջարկների հիման վրա օրենսդրական փոփոխության նախագիծը լրամշակվել է:
Ալֆրեդ Քոչարյանը հիշեցրել է՝ ըստ առաջարկվող փոփոխության` նպատակահարմար է պատմամշակութային արգելոց-թանգարանները վերանվանել «հնավայր-թանգարաններ»՝ հաշվի առնելով, որ պատմամշակութային արգելոց-թանգարանները դասվում են թանգարանային կառավարման ինստիտուցիոնալ շրջանակին և, ըստ այդմ, ենթադրում են համապատասխան պահպանություն, սոցիալ-կրթական և մասնակցային միջավայրի ստեղծում:
Մյուս լրացմամբ նախատեսվում է շտկել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին», «Քաղաքաշինության մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում առկա անհամապատասխանութւյունները։
Մասնավորապես` առաջարկվում է ճարտարապետահատակագծային առաջադրանքներն ու շինարարության թույլտվությունները ԿԳՄՍ նախարարության կողմից տրամադրել միայն ՀՀ պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա հնագույն, հին և միջնադարյան ժամանակաշրջանների պատմության և մշակույթի հուշարձանների, ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին հանձնված հուշարձանների համար:
Հանձնաժողովը մինչև երկու ամիս ժամկետով հետաձգել է «Մշակութային աճուրդների կազմակերպման մասին» օրենքի և կից օրենքներում լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումը: