Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած գալա համերգով ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերը։
Վրացական հանրահայտ «Էրիսիոնի» ֆոլկ-անսամբլը ներկայացրել է վրացական ավանդական պարերն ու երաժշտությունը։
Հայաստանի և Վրաստանի միջև բարեկամության խորացման ու մշակութային համագործակցության զարգացման նպատակով Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերի շրջանակում իրականացվել են մի շարք միջոցառումներ, Հայաստան էր ժամանել Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակում Վրաստանի մշակույթի նախարարն այցելել է Սերգեյ Փարաջանովի թանգարան, Մատենադարան Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ, ինչպես նաև «Մեգերյան կարպետ» ընկերություն՝ ծանոթանալու հայկական գորգագործության արվեստին։
Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերի բացումն ազդարարվել էր հունիսի 5-ին՝ ՀՀ-ում Վրաստանի դեսպանատանը կազմակերպված «Մշակութային երեկո» միջոցառմամբ: Հունիսի 6-ին Մաշտոցի պողոտայում՝ Դիանա Աբգարի անվան պուրակում, անցկացվել է տոնական միջոցառում, որի ընթացքում ներկայացվել են վրացական գինին և ազգային խոհանոցը: Օրվա ավարտին կազմակերպվել է նաև բացօթյա համերգ, որի շրջանակում երաժշտական կատարումներով հանդես էին եկել «Ռանինա» քառյակը և «Գուֆի լենդ» երաժշտական խումբը։