ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ներկա է գտնվել է «Արևիկ» մանկական գրատան բացմանը:
Նախարարի տեղակալը բացման խոսքում նշել է, որ գրատան բացումը ևս մեկ քայլ է ընթերցանության մշակույթի զարգացման, կրթության ու մանկական գրքի արժևորման ճանապարհին:
«Գրախանութի բացումն իր նշանակությամբ հավասար է դպրոցի և մանկապարտեզի բացմանը։ Դա ոչ միայն գրքերի վաճառքի վայր է, այլև մշակութային կենտրոն, որտեղ ձևավորվում են սերնդի մտածողությունը, ճաշակը և աշխարհընկալումը»,– իր խոսքում նշել է նախարարի տեղակալը՝ հույս հայտնելով, որ նորաբաց գրատունը կդառնա մանկական գրքի և մշակույթի զարգացման նոր հարթակներից։
Գրատան հիմնադիր Սաբեթ Հովհաննիսյանը պատմել է նախաձեռնության մասին՝ նշելով, որ այն իրականում տասնամյակների վաղեմություն ունեցող երազանք է, որը պատկանում է իր հորը՝ անվանի բանաստեղծ Դավիթ Հովհաննեսին։ «Այսօր բացելով «Արևիկ» գրատունը՝ ոչ միայն իմ երազանքն եմ իրականացնում, այլև հորս՝ տարիներ շարունակ փայփայած ծրագիրը»,– ասել է նա։
«Արևիկ» գրատունը համանուն հրատարակչության գործունեությունը շարունակող կառույց է։ «Արևիկ» հրատարակչությունը հիմնադրվել է դեռևս 1986 թվականին և արդեն շուրջ չորս տասնամյակ ապահովում է մանկական, պատանեկան, գեղարվեստական, ուսումնական և մեթոդական գրականություն։
Վերջին տարիներին «Արևիկ» հրատարակչությունը մասնակցել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության հայտարարած դասագրքաստեղծման մրցույթներին՝ հաղթող ճանաչվելով և իրականացնելով մի շարք ծրագրեր։ Այդ շրջանակում հրատարակչությունը տպագրել է հանրակրթական դպրոցի դասագրքեր, ուսուցչի ձեռնարկներ և ուսումնաօժանդակ նյութեր։
Հրատարակչությունը հետևողական է նաև համաշխարհային գրական ժառանգությունը հայ երեխաներին ներկայացնելու առաքելությանը՝ թարգմանելով երեխաների սիրելի գրքերը ռուսերենից, անգլերենից, իտալերենից, ուկրաիներենից, լեհերենից և այլ լեզուներից։