«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակում «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն, համագործակցելով Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ, Երևանում անցկացրել է աշխատանքի տոնավաճառ։
«Գյուղատնտեսություն՝ բոլորի համար» խորագրով անցկացվող աշխատանքի տոնավաճառին ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ՄԱՎԵՏԱ ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանը, ծրագրի գործընկեր կրթական հաստատությունների ներկայացուցիչներ:
Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը կարևորել է գյուղատնտեսական մասնագիտությունների նկատմամբ աճող հետաքրքրությունը և ոլորտի պահանջարկին արձագանքող կրթական ծրագրերի անհրաժեշտությունը: Նա ընդգծել է, որ ՄԱՎԵՏԱ ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքի վրա հիմնված կրթական մոդելը զգալիորեն բարձրացնում է ուսանողների գործնական պատրաստվածությունը, իսկ գործատուների հետ համագործակցությունը մասնագիտական կրթության հաջողության առանցքային պայմանն է։
«Կառավարությունը տարաբնույթ ծրագրեր է իրականացնում՝ մեծացնելու հետաքրքրությունը գյուղատնտեսական ոլորտի նկատմամբ: Դրանք ուղղված են թե՛ ուսանողների ներգրավմանը, թե՛ դասավանդողների խրախուսմանը: Այդ ճանապարհով մենք ցանկանում ենք երիտասարդներին հուշել, որ պետության համար ագրարային մասնագետները պահանջված են և բարձր վարձատրվող: ՄԿՈՒ հաստատությունների գյուղատնտեսության մասնագիտություններով դասավանդողների համար նախորդ տարի առաջին անգամ իրականացվեց ատեստավորում՝ շուրջ 3 անգամ աշխատավարձի բարձրացման հնարավորությամբ»,- ասել է Արաքսիա Սվաջյանը՝ կոչ անելով ուսանողներին պահանջկոտությամբ և պատասխանատվությամբ մոտենալ ուսումնական գործընթացին, քանի որ ստեղծված հնարավորությունները նաև պետք է արդյունավետ իրացվեն:
ՄԱՎԵՏԱ ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանի խոսքով՝ միջոցառումն ունի սոցիալական ընդգրկունության կարևոր շեշտադրում՝ նպատակ ունենալով հատկապես կանանց և խոցելի խմբերի համար ստեղծել հավասար հնարավորություններ՝ աշխատաշուկայում ներգրավվելու, ինչպես նաև նպաստելու ավելի բազմազան և ներառական աշխատատեղերի ստեղծմանը։
Աշխատանքի տոնավաճառում առանձին տաղավարներով ներկայացել են Երևանում և Արմավիրի մարզում գյուղատնտեսության ու ագրոբիզնեսի ոլորտում գործող 20-ից ավելի գործատուներ՝ թափուր աշխատատեղերի առաջարկով։
ՄԱՎԵՏԱ ծրագրի գործընկերներ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, ՀԱԱՀ Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջը և Էջմիածնի պետական արհեստագործական ուսումնարանը ներկայացրել են գյուղատնտեսության ոլորտում պահանջարկ ունեցող մասնագիտությունների ցանկերը՝ շեշտադրելով դուալ կրթական ուսուցման առավելությունները։
Աշխատանք փնտրող երիտասարդների ու ուսանողների համար ացկացվել է «Ապագա աշխատատեղեր. փափուկ և մասնագիտական հմտությունների դասակարգում» թեմայով սեմինար։
ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, HEKS/EPER ՀԿ–ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ–ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ–ն:
Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) և HEKS/EPER ՀԿ–ն՝ ՌԶԳ–ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ։