ՀՀ ԳԱԱ նախագահության շենքում տեղի է ունեցել «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2025»-ի հաղթող նախագծերի պարգևատրման արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանը, նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:
Նախարարը մրցանակներ է հանձնել հաղթող ճանաչված 62 նախագծերի հեղինակների՝ մոտ 130 աշակերտների:
Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և նշել, որ «Հայկական համադպրոցական գիտության փառատոնը» փաստում է՝ ունենք փայլուն երեխաներ՝ հրաշալի մտքով և այդ միտքն իրականություն դարձնելու եռանդով։
«Փառատոնում ներկայացված նախագծերը մտքի, ուսուցիչների ուղղորդմամբ թիմային աշխատանքի, հետևողականության և կամքի արգասիք են։
Փառատոնն անցկացվում է 2021 թվականից, միջազգային ձևաչափով․ հաղթողները հնարավորություն են ստանում մասնակցելու միջազգային գիտական փառատոների: Այս նախագծին մասնակցող աշակերտները աշխարհի մի մասնիկն են, և նախագիծը Հայաստանում մեր դպրոցականներին նույնպես համադպրոցական գիտության ցանցի օղակներից մեկը դառնալու հնարավորություն է ընձեռել»,- ասել է նախարարը և հույս հայտնել, որ առաջիկա տարիներին Հայկական համադպրոցական գիտության փառատոնի հաղթողները միջազգային գիտական փառատոներից ավելի մեծ հաջողություններով են վերադառնալու։
Նրա խոսքով՝ ուրախալի է փաստը, որ տարեցտարի փառատոնում ներկայացվող նախագծերի թիվն ավելանում է. «2021 թվականին, երբ փառատոնն անցկացվում էր առաջին անգամ, ներկայացված էր ընդամենը 38 նախագիծ՝ 15 ուսումնական հաստատությունից։ Այս տարի 5 անվանակարգում ներկայացվել է 91 նախագիծ: Հուսով եմ՝ հաղթող նախագծերի հեղինակներին այս հաջողությունը կմոտիվացնի և կոգևորի հետագա մեծ հաղթանակների համար»:
Ընդգծելով, որ համադպրոցական գիտության փառատոնում ներկայացված են հիմնականում ԲՏՃՄ ուղղվածության նախագծեր՝ նախարարն առանձնակի կարևորել է բնագիտական լաբորատորիաների ստեղծումը։
Այս համատեքստում նախարարը շեշտել է, որ կառավարության ծրագրի ամենակարևոր ուղղություններից է՝ բոլոր դպրոցներում ունենալ ֆիզիկայի, քիմիայի, աշխարհագրության, կենսաբանության, տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաներ:
«Այս ուղղությամբ շատ մեծ ծավալի աշխատանք է կատարվել, դպրոցների գրեթե կեսն արդեն ունեն լաբորատորիաներ, հաջորդ տարվա ավարտին բոլոր դպրոցները ապահովված կլինեն անհրաժեշտ լաբորատոր ենթակառուցվածքներով: Վստահ եմ, որ սա էլ լինելու է հերթական խթանն աշակերտներին՝ փորձարարական գիտությամբ զբաղվելու և այդ ուղղությամբ մասնագիտությունների զարգացում ապահովելու տեսանկյունից»,- նշել է նախարարը:
Ժաննա Անդրեասյանը նաև հավելել է՝ բնագիտամաթեմատիկական, ճարտարագիտական ուղղություններն առաջնահերթություն են, բայց գործում է նաև սոցիալական գիտությունների անվանակարգ, որը դպրոցականներին հնարավորություն է տալիս ավելի բազմազան ու բազմակողմանի նախագծեր իրականացնելու։
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանը՝ շեշտելով, որ աշակերտները հետաքրքիր նախագծեր են իրականացրել, որոնք կարող են նպաստել պետության հզորացմանը։
«Լավ կլինի, որ այս աշակերտները կրթությունը շարունակեն և աշխատեն համապատասխան ուղղություններով։ Վստահ եմ՝ երեխաների մասնագիտական կողմնորոշումը պետք է հստակեցվի դպրոցում։ Աշխարհը փոխվել է, մենք ապրում ենք բարձր տեխնոլոգիաների ժամանակներում։ Պետք է դպրոցներում զարգացնել բնական գիտությունները, և այս առումով նման միջոցառումները շատ կարևոր են»,- նշել է Աշոտ Սաղյանը՝ հավելելով, որ Գիտությունների ազգային ակադեմիան պատրաստ է կազմակերպել էքսկուրսիաներ ու աջակցել գիտության զարգացմանը դպրոցներում։
ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից իրականացվող Հայկական համադպրոցական գիտության փառատոնին «Մաթեմատիկա-ծրագրավորում», «Ֆիզիկա-աստղագիտություն», «Քիմիա», «Կենսաբանություն», «Սոցիալական գիտություններ» անվանակարգերում այս տարի ներկայացվել է 91 նախագիծ՝ 250 սովորողներից: Մասնագիտական հանձնաժողովի կողմից ամենաբարձր գնահատականների արժանացած մասնակիցները հնարավորություն են ստացել ներկայացնելու Հայաստանը ԱՄՆ Օհայո նահանգում կայանալիք «Regeneron միջազգային գիտական և ճարտարագիտական տոնավաճառին (ISEF-2025)», ինչպես նաև «Երիտասարդ գիտնականների ԵՄ մրցույթին (EUCYS), որն այս տարի տեղի կունենա Լատվիայում։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ իրականացվող այս ծրագրին նախորդ չորս տարիներին մասնակցել է ավելի քան 500 սովորող Երևանի և մարզերի հանրակրթական դպրոցներից՝ ներկայացնելով 231 նախագիծ։ Փառատոնին մասնակցում են միջին և ավագ դասարանների աշակերտներ։
Հայկական համադպրոցական գիտության փառատոնը նպատակ ունի դպրոցահասակների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ սերմանել հետաքրքրություն՝ խթանելով խմբային աշխատանքի, նորարարական նախագծերի իրականացման և դրանց ներկայացման հմտությունների զարգացումը: