ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է Հայաստանի Հանրապետության 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաքի ընտրության մրցույթ:
Մրցույթի նպատակներն են`
- աջակցել մարզային երիտասարդական կյանքի ակտիվացմանը, երիտասարդների կարողությունների բացահայտմանը և համակողմանի զարգացմանը, երիտասարդների՝ որպես Հայաստանի Հանրապետության ակտիվ և պատասխանատու քաղաքացիների ինքնադրսևորմանն ու կայացմանը,
- խթանել տեղական ինքնակառավարման մարմինների կողմից երիտասարդական քաղաքականության ոլորտում իրականացվող աշխատանքների և ծրագրերի ծավալների մեծացումը,
- նպաստել համայնքային երիտասարդական ենթակառուցվածքների ստեղծմանը և զարգացմանը (համայնքային երիտասարդական կենտրոններ և երիտասարդական տարածքներ (միջավայրեր), քաղաքացիական հասարակության կառույցներ և այլն),
- նպաստել միջհամայնքային երիտասարդական կենտրոնների և երիտասարդական տարածքների (միջավայրերի) ցանցի ստեղծմանն ու համագործակցության զարգացմանը,
- խրախուսել տեղական երիտասարդական աշխատանքի կազմակերպումն ու զարգացումը, երիտասարդական նորարարական գաղափարների կյանքի կոչումը,
- օժանդակել միջազգային համագործակցության հաստատմանն ու զարգացմանը։
Մրցույթի մասնակիցներն են քաղաքային բնակավայր ունեցող համայնքները կամ դրա կազմում ներառված առանձին քաղաքային բնակավայրը։
Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված և երիտասարդական մայրաքաղաք հռչակված քաղաքը կհամարվի 2026 թվականին կազմակերպվող երիտասարդական միջոցառումների և նախաձեռնությունների իրականացման հիմնական վայր։
Մրցույթն իրականացվում է հետևյալ փուլերով՝
- հայտերի ընդունում և գնահատում մրցութային հանձնաժողովի կողմից,
- հայտերի փորձագիտական գնահատում փորձագետների կողմից,
- ՀՀ բնակչության շրջանում կարճ հաղորդագրությամբ SMS քվեարկություն,
- մրցույթի արդյունքների ամփոփում և երիտասարդական մայրաքաղաքի հռչակում։
Հայտը նախարարություն է ներկայացվում համայնքապետարանի կողմից՝ համայնքում երիտասարդության ոլորտում գործունեություն ծավալող առնվազն երկու հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ։
Հայտը պետք է բաղկացած լինի հետևյալ փաստաթղթերից՝
- համայնքի ղեկավարի գրություն մրցույթին մասնակցելու պատրաստակամության մասին,
- համահայտատու կազմակերպությունների հանձնառությունը հավաստող գրություններ,
- հայտադիմում,
- հայտադիմումին կից անհրաժեշտ տեղեկատվության և փաստաթղթերի ցանկ,
- ծրագիր, ընդ որում՝ ներկայացվող ծրագիրը պետք է ուղղված լինի մրցույթի նպատակներից առնվազն մեկի իրականացմանը:
Մրցույթին մասնակցության հայտերն ընդունվում են հունիսի 3-ից մինչև օգոստոսի 2-ը ներառյալ։
Կից ներկայացվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարի 08.08.2023թ. 1415-Ա/2 հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի իրականացման կանոնակարգը և փորձագիտական գնահատման չափանիշները։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Սույն հայտարարությամբ նախանշված ժամկետից ուշ ներկայացված հայտերը չեն դիտարկվի։
Հայտերի՝ մրցույթի իրականացման կանոնակարգի պահանջներին համապատասխան ներկայացնելու և պատշաճ լրացնելու աջակցության նպատակով հունիսի 17-ին՝ ժամը 14.00-ին, ՀՀ ԿԳՄՍՆ-ում տեղի կունենա խորհրդատվական հանդիպում՝ նախատեսված այն քաղաքների/համայնքների ներկայացուցիչների համար, որոնք պատրաստվում են հայտ ներկայացնել մրցույթին։ Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև հունիսի 13-ը youth@escs.am էլ.փոստին ուղարկել մասնակցի (ների) մասին տեղեկատվություն՝ նշելով անունը, ազգանունը, ստորաբաժանումը, պաշտոնը, բջջային հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն։
Հարցերի և հավելյալ տեղեկատվության համար զանգահարել` 010 599 643 հեռախոսահամարին: