Կանադայի Քվեբեկ քաղաքում կայացել է ֆրանկոֆոն մշակույթի նախարարների 5-րդ կոնֆերանսը, որն անցկացվել է «Հաստատել մեր մշակութային ինքնիշխանությունը. ռազմավարություններ և գործիքներ ֆրանկոֆոնիայի թվային և ներառական միջավայրի համար» խորագրի ներքո:
Նախարարական համաժողովին մասնակցել և ելույթով հանդես է եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Նա ներկայացրել է մշակույթի ոլորտում Հայաստանի թվային հայեցակարգի ռազմավարությունն ու գործիքակազմը:
«Ինձ համար մեծ պատիվ է այս հեղինակավոր հարթակում հանդես գալ Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնել մեր հիմնական գործողությունները թվայնացման և արհեստական բանականության գործիքների կիրառման ուղղությամբ: Թվային օրակարգը կարևոր է մշակութային բազամազանությունը պահպանելու, ներկայացնելու, հանրահռչակելու և այդ համատեքստում նաև հեղինակային իրավունքների պահպանման և ստեղծարար արդյունաբերության զարգացման տեսնակյունից»,- նշել է Դանիել Դանիելյանը:
Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թվականների ռազմավարությամբ ամրագրված թվային օրակարգի առաջնահերթությանը. «Մենք ապրում ենք թվային տեխնոլոգիաների դարաշրջանում, որն իր հերթին թելադրում է խաղի իր կանոնները։ Մշակույթի ոլորտում ևս սա կարևոր գերակայություն է։ Մշակույթի ռազմավարության գերակա ուղղություններից և առաջնահերթություններից մեկը հենց այս խնդիրն է, որը միտված է շարունակելու մինչ այժմ Հայաստանում իրականացվող թվայնացման գործընթացները, ինչպես նաև նպաստելու նոր հարթակների և մեխանիզմների ներդրմանը»:
Նա նաև տեղեկացրել է, որ Հայաստանում մշտապես կազմակերպվում են Ֆրանկոֆոնիայի օրեր, որոնք վերածվել են երկամսյակի, իսկ 2027 թվականին Հայաստանը կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերը:
Համաժողովի ընթացքում քննարկվել են մշակույթի ոլորտում համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանն առնչվող հարցեր: