ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ Հայաստանի նկարիչների միությունում տեղի են ունեցել «Խաղաղություն» միջազգային մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-ցուցահանդեսի եզրափակիչ ցուցադրությունն ու հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։
Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Մրցույթ-ցուցահանդեսը միավորել է Հայաստանի և աշխարհի տարբեր երկրների՝ Եգիպտոսի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ուզբեկստանի, Թուրքիայի, Հունաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Իսպանիայի և Ավստրիայի ավելի քան 1500 շնորհալի երեխաների՝ երկու տարիքային խմբերում (մինչև 10 և 10–15 տարեկան), որոնք իրենց արվեստով փոխանցել են խաղաղության, համերաշխության և մարդասիրության կարևորագույն արժեքները։
«Փորձել ենք երեխաների ստեղծագործական մտքի համախմբման միջոցով անդրադառնալ այնպիսի կարևոր թեմայի, ինչպիսին խաղաղությունն է։ Պետության և հասարակության ամենակարևոր թեմաների մասին խոսելիս կարևոր է նաև հաշվի առնել, թե ինչ են մտածում այդ մասին երեխաները, որովհետև խաղաղությունն առաջին հերթին նրանց երջանիկ մանկության ու ապագայի մասին է։ Հետաքրքիր է տեսնել, թե ինչպես են երեխաները պատկերացնում խաղաղությունը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։
Նրա խոսքով՝ ցուցադրության անցկացումը կարևոր է նաև մշակութային կրթության տարվա համատեքստում. «Ամբողջ տարվա ընթացքում տարաբնույթ միջոցառումներ են անցկացվել, որոնց ամենակարևոր նպատակն այն էր, որ մեր երեխաներն ավելի շատ առնչվեն արվեստին՝ բացահայտելով ու ընդլայնելով իրենց ստեղծագործական միտքը»։
Նախարարը շնորհավորել է հաղթողներին՝ հույս հայտնելով, որ ապագայում նոր ցուցադրությունների մասնակցելու հնարավորություն կունենան։ Եզրափակելով խոսքը՝ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ցուցադրության բոլոր մասնակիցներին, նրանց ծնողներին ու ուսուցիչներին, ժյուրիի անդամներին, նախաձեռնող գործընկերներին՝ ընդգծելով, որ պետությունը մշտապես պատրաստակամ է աջակցելու հետաքրքիր նախաձեռնություններին՝ ակնկալելով դրանց շարունակականությունը։
Եզրափակիչ ցուցահանդեսին ներկայացվել են միջազգային ժյուրիի կողմից ընտրված 80 լավագույն ստեղծագործություններ։
Հաղթող մասնակիցներն են․
Ավագ խումբ
- Գրան պրի- Էլեն Աճեմյան, Աբովյան քաղաքի գեղարվեստի դպրոց, ուսուցիչ՝ Վիկտորյա Կարապետյան
- 1-ին տեղ- Անգելինա Նավոյան, Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշենի Աղվան Եղիազարյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոց, ուսուցիչ՝ Նեկտար Սահակյան,
- 2-րդ տեղ- Ալեն Գունանյան, Աբովյան քաղաքի գեղարվեստի դպրոց, ուսուցիչ՝ Վիկտորյա Կարապետյան
- 3-րդ տեղ- Հասմիկ Թամազյան, Աբովյան քաղաքի գեղարվեստի դպրոց, ուսուցիչ՝ Վիկտորյա Կարապետյան
Կրտսեր խումբ
- Գրան պրի-Վիկտորիա Վարդանյան, Գեղագիտության ազգային կենտրոն, ուսուցիչ՝ Գայանե Միքայելյան
- 1-ին տեղ- Ռիտա Բարսեղյան, Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Հովհաննես Այվազովսկու անվան արվեստի դպրոց, ուսուցիչ՝ Էմմա Գալստյան
- 2-րդ տեղ- Արսինե Աբելյան, Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշենի Ա. Եղիազարյանի անվան դպրոց, ուսուցիչ՝ Նեկտար Սահակյան
- 3-րդ տեղ- Վանեսսա Սոսյան, Վիեննայի Հ. Շիրազի անվան շաբաթօրյա դպրոց, ուսուցիչ՝ Արփինե Մկրտչյան
Միջոցառման ընթացքում ուսուցիչներին և կրթական հաստատություններին ևս հանձնվել են մրցանակներ, դիպլոմներ, խրախուսական պատվոգրեր, հատուկ մրցանակներ։
Նախաձեռնությունը շարունակական բնույթ է կրում։ Շուտով գործարկվելու է artforpeacekids.com կայքը, որը կդառնա միջազգային հարթակ: Այնտեղ կներկայացվեն երեխաների ստեղծագործությունները՝ խաղաղության և համերաշխության ուղերձներով։ Հարթակում արվեստը կդառնա կապող կամուրջ աշխարհի տարբեր անկյուններում ապրող ստեղծագործողների միջև։ Ցուցահանդեսն այցելուների համար բաց կլինի մինչև մայիսի 26-ը: