Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի է ունեցել աշխատաժողով՝ «Միջազգայնացումը՝ ՄԿՈՒ համակարգի զարգացման ուղենիշ. Եվրոպական կրթական հիմնադրամի հայտորոշման գործիքի փորձարկում» խորագրով։
Միջոցառումն անցկացվել է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) և Եվրոպական կրթական հիմնադրամի (ETF) նախաձեռնությամբ։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը շնորհակալություն է հայտնել ՈԱԱԿ-ին՝ նախաձեռնության համար և ընդգծել, որ աշխատաժողովը տեղի է ունենում ճիշտ ժամանակին՝ ՄԿՈՒ նոր օրենքով նախատեսվող համակարգային փոփոխությունների համատեքստում: «ՄԿՈՒ համակարգի հայտորոշումը կօգնի մեզ հասկանալու՝ ինչպես ենք կազմակերպում մասնագիտական կրթությունը և ուսուցումը և պատկերացնում դրանում որակի ապահովումը։ Հայտորոշման գործիքի կիրառումը հնարավորություն կտա գնահատելու համակարգը բոլոր մակարդակներում և հստակեցնելու բարելավման ուղղությունները»,- ասել է Արմենուհի Պողոսյանը:
Ողջունելով մասնակիցներին՝ ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը նշել է, որ Հայաստանն առաջիններից է, որտեղ փորձարկվում է Եվրոպական կրթական հիմնադրամի մշակած ՄԿՈՒ համակարգի հայտորոշման գործիքը։ Նրա խոսքով՝ փորձարկման արդյունքների հիման վրա գործիքը կբարելավվի և վերջնական տեսքով կգործարկվի ETF գործընկեր երկրներում: «Սա նաև հնարավորություն է վեր հանելու ՄԿՈՒ համակարգի ուժեղ կողմերն ու բարելավման ենթակա ուղղությունները՝ նպաստելով համակարգի շտկմանը»,- հավելել է Ռուբեն Թոփչյանը:
ETF-ի ներկայացուցիչ Մունիր Բաատիի խոսքով՝ իրենց կողմից մշակված գործիքը հնարավորություն է տալիս ՄԿՈՒ համակարգը գնահատել հինգ տիրույթներում։ «Այն չի կարող գործնականում կիրառվել, քանի դեռ չի փորձարկվել»,- ասել է նա՝ հույս հայտնելով, որ աշխատաժողովը հնարավորություն կտա ստեղծել ավարտուն գործիք, որն ուղղված կլինի եվրոպական կրթական տարածքում ՄԿՈՒ համակարգերի գնահատման և բարելավման նպատակին։
Աշխատաժողովի ընթացքում ETF փորձագետները ներկայացրել են ՄԿՈՒ համակարգի հայտորոշման գործիքը և դրա կիրառման նպատակները։ Գործիքը հիմնված է EQAVET-ի՝ որակի ապահովման եվրոպական ցուցիչների վրա և դիտարկում է մասնագիտական կրթության համակարգը հետևյալ տիրույթներում․
- քաղաքականություն և կառավարում,
- կրթական չափորոշիչներ և որակավորումներ,
- կրթական ծառայությունների մատուցում,
- գնահատում, վավերացում և հավաստագրում,
- տվյալների և գիտելիքի ստեղծում:
Մասնակիցները ֆոկուս-խմբային ձևաչափով քննարկել են գործիքի համապատասխան տիրույթները՝ անդրադառնալով բարձրացված խնդիրներին ու դիտարկումներին, որոնք հաշվի կառնվեն համակարգային վերլուծության և ոլորտային քաղաքականության առաջարկությունների մշակման ժամանակ։
Նշենք, որ ՀՀ ՄԿՈՒ համակարգի հայտորոշման գործիքի մշակումը մեկնարկել է 2024 թվականի հոկտեմբերին Երևանում, այնուհետև շարունակվել է առցանց հանդիպմամբ: Հաջորդաբար, մայիսի 21-ին հրավիրված աշխատաժողովովը նպատակ ուներ ամփոփել գործընթացի նախորդ փուլերում բաց մնացած հարցերը՝ ձևավորելով ամբողջական վերլուծական պատկեր։