ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էստոնիայի Հանրապետության կրթության և հետազոտությունների նախարարության Էստոնիայի ազգային երիտասարդական խորհրդի հետ (ENL)՝ ծանոթանալու կառույցի գործունեությանը:

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է երիտասարդության ոլորտում ՀՀ պետական քաղաքականությանը՝ նշելով, որ վերջերս ընդունվել է «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքը, որը նոր ծրագրերի հնարավորություն է ընձեռում:

Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է նաև Կուլատերայի մանկապարտեզ, ծանոթացել դրա գործունեությանն ու աշխատանքների կազմակերպմանը, երեխաների առօրյային և խնամքի իրականացման մեթոդներին: Ներկայացվել են խմբերում երեխաների կրթական դաստիարակության, նախադպրոցական կրթության նորարարական ծրագրերը:

Պաշտոնական այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շրջայց է կատարել նաև Մուստամայեի պետական գիմնազիայում (Mustamäe riigigümnaasium - MURG), որը բնական գիտությունների ուղղվածությամբ կրթություն է ապահովում 10-12-րդ դասարանների համար:

ԿԳՄՍ նախարարը ծանոթացել է նաև Տալլինի տեխնոլոգիական համալսարանի գործունեությանը: Համալսարանի ռեկտոր Թիյթ Լենդի հետ քննարկվել են ՀՀ բուհերի հետ համագործակցության հնարավորությունները, համատեղ ծրագրերի հեռանկարները:

Ժաննա Անդրեասյանը կարևորել է համալսարանի հետ ակտիվ համագործակցությունը՝ ընդգծելով, որ հաջող փոխգործակցությունը արդյունավետ կլինի Հայաստանում ոլորտի զարգացման գործում:

ԿԳՄՍ նախարարն այցելել է նաև Մեկտորի նորարարական կենտրոն, որը միավորում է ուսանողներին, գիտնականներին և գործարարներին՝ խթանելու նորարարությունը, ձեռնարկատիրական մտածողությունը և տեխնոլոգիական զարգացումը։ Նախարարին ներկայացվել է կենտրոնի գործունեությունը, ըստ որի՝ այն ապահովում է ստեղծագործական միջավայր՝ ժամանակակից լաբորատորիաներով, բիզնեսի զարգացման ծառայություններով՝ աջակցելով նորարարությանը և ձեռներեցությանը տարբեր ոլորտներում։ Կողմերը կարևորել են փորձի փախանակումն ու տեղայնացումը, ինչն առավել կնպաստի ոլորտների զարգացմանը՝ ժամանակակից տեխնոլոգիական և նորարարական մարտահրավերներին ընդառաջ: