Պաշտոնական այցով Տալլինում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Էստոնիայի «Մաշտոց» հայկական դպրոց, ծանոթացել դպրոցի գործունեությանը, հանդիպել ուսուցիչների և սովորողների հետ:
Հանդիպման ընթացքում Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է սփյուռքի հայկական կրթօջախների համար ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացվող պետական ծրագրերը: Նա դպրոցի անձնակազմին հորդորել է մասնակցել սփյուռքի կրթամշակութային կառույցների համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հատկացվող դրամաշնորհային մրցույթին, որի շրջանակում աջակցություն է տրամադրվում կրթամշակութային, գիտահրատարակչական ծրագրերի իրականացմանը:
ԿԳՄՍ նախարարին ներկայացրել են, թե ինչպես են կիրակնօրյա դպրոցի աշակերտները նշում հայկական տոները և մասնակցում համայնքային միջոցառումներին, միջազգային երիտասարդական նախագծերին։
Դպրոցի շրջանակում գործել է «Դվին» վոկալ անսամբլը, որը մի շարք միջազգային մրցույթներում արժանացել է տարբեր մրցանակների: Այժմ դպրոցը միջազգային մրցույթներում ներկայացնում են «Երազանք» երաժշտական անսամբլը և «Տայք» ազգագրական պարախումբը: