Հայաստանի պատվիրակությունը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի գլխավորությամբ, մասնակցել է Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կայացած ԱՊՀ երկրների ստեղծագործական և գիտական մտավորականության 18-րդ համաժողովին։
Համաժողովն անցկացվել է «ԱՊՀ՝ համագործակցության նոր հորիզոններ» խորագրի ներքո։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել տաջիկ գործընկերներին ջերմ ընդունելության համար՝ կարևորելով այդօրինակ համաժողովների անցկացումը։
«Համաժողովը մասնագիտական շփումների, նոր ծրագրերի իրականացման լավագույն հարթակ է և միտված է նպաստելու ԱՊՀ երկրների միասնական մշակութային երկխոսության ամրապնդմանը։ Հատկանշական է, որ համաժողովի հիմնական նպատակը մշակութային ժառանգության պահպանումն ու հումանիտար արժեքների տարածումն է։ Այս առումով կարևոր է հետևողական աշխատանքների իրականացումը՝ ԱՊՀ անդամ երկրների միջև ամրապնդելու և զարգացնեոլու ոլորտային համագործակցությունը»,- ասել է Դանիել Դանիելյանը։
Համաժողովի շրջանակում կայացել են պանելային քննարկումներ, ինչպես նաև «Համագործակցության աստղեր» և «Համագործակցության դեբյուտներ» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունները։ Հայաստանից «Համագործակցության աստղեր» մրցանակին արժանացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Կոմիտասի անվան պետական քառյակի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թադևոսյանը, իսկ «Համագործակցության դեբյուտներ» մրցանակը շնորհվել է Միքայել Մարտիրոսյանին։
Կայացել է նաև «Մեղրին 2026 թ. մշակութային մայրաքաղաք» ծրագրի շնորհանդեսը։ Ծրագիրը համառոտ ներկայացրել է Մեղրիի քաղաքապետ Խաչատուր Անդրեասյանը։
Հայրենական պատերազի հաղթանակի 80-ամյակին նվիրված քննարկմանը ելույթով հանդես է եկել ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի և գրահրատարակչության վարչության պետ Սվետլանա Սահակյանը։
Համաժողովի շրջանակում պատվիրակություններն այցելել են Տաջիկստանի մշակութային հաստատություններ, ծանոթացել Տաջիկստանի ազգային ակադեմիայի գիտահետազոտական հաստատությունների ձեռքբերումներին և այլն։