Նախագահական նստավայրում կայացել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ, հյուրեր:
Մրցանակը շնորհվում է 2009 թվականից Սինոփսիս ընկերության նախաձեռնությամբ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար: 2025 թվականի ՀՀ պետական մրցանակը շնորհվել է AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, Արհեստական բանականության գործընկեր համակարգի LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ, IEEE մշտական անդամ (IEEE Life Fellow), AAIA անդամ, Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտի նշանավոր շրջանավարտ դոկտոր Յոշիակի Դեյմոն Հագիվարային:
Պետական մրցանակը դոկտոր Հագիվարային հանձնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շնորհակալություն հայտնելով գիտության զարգացման և տեխնոլոգիական ոլորտում ունեցած նշանակալի ավանդի համար:
Յոշիակի Դեյմոն Հագիվարան շնորհակալություն է հայտնել իր գործունեությունն ըստ արժանվույն գնահատելու և Հայաստանի պետական մրցանակով պարգևատրելու համար: Անվանի գիտնականը կարևորել է բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացումն ու կրթության բնագավառում ծրագրերի հետևողական իրականացումը: