Աժ լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Կրթության մասին» ՀՀ օրենքի փոփոխության նախագիծը։
Հիմնական զեկուցող ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ առաջին ընթերցումից հետո նախագծում կատարվել են փոփոխություններ։ Ըստ այդմ՝ առաջարկվում է ներդնել հանրակրթական հաստատությունների նոր մոդել, որի համաձայն՝ փոքրաթիվ բնակչությամբ բնակավայրերում կգործեն կրթահամալիրներ, որոնք կծառայեն որպես համայնքային զարգացման կենտրոններ։
«Նախագծում ներկայացված է կրթահամալիր հասկացության ձևակերպումը, որը հանդես կգա որպես համայնքային զարգացման կենտրոն՝ իրականացնելով նաև հանրակրթական ծրագրեր բոլոր մակարդակներում։ Կրթահամալիրներում նախատեսվում է իրականացնել նաև նախադպրոցական և արտադպրոցական կրթական ծրագրեր»,- ասել է նա:
Նախագծով առաջարկվում է նախադպրոցական, հանրակրթական դպրոցների և մասնագիտական ուսումնական հաստատությունների ղեկավարման հավաստագրման գործընթացի կազմակերպման համար սահմանել մեկ միասնական ընթացակարգ, որը կնպաստի հավակնորդների մասնակցայնության ընդլայնմանը:
«Նախագծով հստակեցվել են, թե ովքեր կարող են հավակնել հավաստագրերի: Ըստ այդմ՝ ուսումնական հաստատությունների ղեկավարման հավաստագիր ստանալու համար կարող են դիմել այն անձինք, որոնք ունեն բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական կամ գիտամանկավարժական աշխատանքի, կամ կառավարման ոլորտի 5, կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ: Վստահ ենք՝ այս փոփոխությունը համակարգում նոր կադրեր ընդգրկելու հնարավորություն կտա»,- ներկայացրել է Արաքսիա Սվաջյանը:
Նախագծով սահմանվել են նաև, թե որոնք են հավաստագրի դադարեցման հիմքերը: Դրանց թվում են կեղծ տեղեկատվության տրամադրումը, ուսումնադաստիարակչական գործունեության հետ անհամատեղելի վարքը, պետությանը ֆինանսական, գույքային վնաս պատճառելը և այլն: