ՀՀ կառավարությունը հանդես է եկել կարևոր օրենսդրական նախաձեռնությամբ, որը նոր էջ է բացում արվեստի ստեղծագործությունների առքուվաճառքի կանոնակարգման, արվեստի դաշտում շուկայական նոր հարաբերությունների ձեւավորման, գործընթացում ներգրավված բոլոր կողմերի շահերի պաշտպանության տեսանկյունից: Այս մասին նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը՝ Ազգային ժողովի հերթական նիստում առաջին ընթերցմամբ ներկայացնելով «Մշակութային աճուրդների կազմակերպման մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:

«Մշակութային աճուրդների կազմակերպման մասին» օրենքի նախագծով նախատեսվում է կարգավորել մշակութային արժեքների և մշակութային նշանակության առարկաների աճուրդների կազմակերպման, իրականացման կարգը և պայմանները, ինչպես նաև կանոնակարգել դրանց գործունեությանն առնչվող հարաբերությունները:

«Օրենքի հիմնական նպատակներն են՝ խթանել ստեղծարար ոլորտներում ներդրումային հոսքերը, նպաստել ժամանակակից արվեստագետների հանրայնացմանը և ֆինանսական ինքնաբավությանը, կանխարգելել մշակութային ժառանգության ապօրինի տեղաշարժերը, զարգացնել միջազգային համագործակցությունը՝ մասնավորապես ապահովելով արտերկրի հեղինակավոր աճուրդի տների ներգրավումը հայկական շուկայում»,- ասել է նախարարի տեղակալը:

Նշվել է, որ մշակութային աճուրդների կազմակերպման գործունեությունը կլիցենզավորվի։Նախագծի մշակման ընթացքում ուսումնասիրվել է նաև միջազգային փորձը, կազմակերպվել են քննարկումներ շահագրգիռ կողմերի հետ:

Գլխադասային՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը փաթեթի վերաբերյալ ներկայացրել է հանձնաժողովի փոխնախագահ Թագուհի Ղազարյանը: Նրա խոսքով` նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը նախատեսվում է իրականացնել ԱԺ աշնանային նստաշրջանում: Մինչ այդ օրենսդրական փաթեթը կլրամշակվի՝ անհրաժեշտության դեպքում կազմակերպելով նաև աշխատանքային քննարկում: