ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Կրթության մասին» օրենքի փոփոխության նախագիծը, որը զեկուցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Նա նշել է՝ 1-ին ընթերցումից հետո օրենքի նախագծում երկու հիմնական փոփոխություն է կատարվել:

Մասնավորապես՝ հստակեցվել է «կրթահամալիր» հասկացությունը․ ներկայում «Կրթության մասին» օրենքում «կրթահամալիր» հասկացության սահմանումը չի ներառում ՀՀ կառավարության կողմից «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում համայնքներում կառուցվող կրթահամալիրների գործունեության շրջանակը, հետևաբար լրացում կատարելու անհրաժեշտություն է առաջացել:

Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է, որ առաջարկվող կարգավորմամբ կրթահամալիրն ըստ նշանակության ծառայելու է որպես համայնքային զարգացման կենտրոն՝ հանրակրթության և նախադպրոցական ծառայությունների հետ ներառելով նաև ոչ ֆորմալ կրթության, մարզաձևերով զբաղվելու, ինչպես նաև մշակութային և համայնքային միջոցառումների բաղադրիչները։ Կրթահամալիրները կգործեն որպես համայնքային կենտրոններ՝ ծառայելով բնակիչների մշակութային, տեխնոլոգիական, մարզական միջավայրերի և ենթակառուցվածքների ապահովմանը։

Մյուս փոփոխությունը վերաբերում է նախադպրոցական, հանրակրթության և նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների հավաստագրմանը․ առաջարկվում է բոլորի համար սահմանել մեկ միասնական ընթացակարգ:

Մասնավորապես՝ նախադպրոցական, հանրակրթական և մասնագիտական ուսումնական հաստատությունների ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար դիմելու հնարավորություն կունենա այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն և վերջին 10 տարվա ընթացքում մանկավարժական կամ գիտամանկավարժական աշխատանքի կամ կառավարման ոլորտի առնվազն հինգ կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ:

Ըստ նախագծի՝ նախադպրոցական, հանրակրթության և նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների հավաստագրման համար կսահմանվի միասնական ընթացակարգ, որով կկարգավորվի դպրոցահեն նախակրթարան ունեցող, ինչպես նաև կրթահամալիրների տնօրենների կառավարման հմտությունների ապահովման և զարգացման հարցը:

Արաքսիա Սվաջյանը նաև տեղեկացրել է՝ ներքոնշյալ երեք ոլորտները կարգավորող իրավական ակտերում սահմանված են նաև հավաստագրման համար դիմող անձանց որակավորման պահանջներն ու հավաստագրի դադարեցման հիմքերը:

Նրա խոսքով՝ հավաստագրման գործընթացը միասնական դարձնելուն զուգահեռ՝ կսահմանվեն նաև հավաստագրվողների որակավորման պահանջի ընդհանուր և հավաստագրի դադարեցման միասնական հիմքեր։ Դրանք են՝ հավաստագիր ստացած անձի կողմից հավաստագիր ստանալու համար ներկայացրած փաստաթղթերում կեղծ տեղեկատվության հայտնաբերումը, հավաստագիր ստացած անձի՝ ուսումնադաստիարակչական գործառույթների հետ անհամատեղելի արարք թույլ տալը, դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելը, դատական կարգով մանկավարժական կամ վարչական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկվելը և այլն։

Ծավալվել է հարցուպատասխան: Նախարարի տեղակալը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ պարզաբանումներ ներկայացնելով իրավական կարգավորումների վերաբերյալ: