Ապրիլի 29-ին՝ ժամը 18:00-ին, ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Երևանում և ՀՀ մարզերում կիրականացվի ֆլեշմոբ՝ նվիրված Պարի միջազգային օրվան:

Պարային հանդիսությանը մասնակից կդառնան ՀՀ պարային խմբերը․ ուղիղ ժամը 18:00-ին ընտրված հարթակներում կհնչի ավանդական քոչարու երաժշտությունը, որը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։

Երևանում ֆլեշմոբը կիրականացվի 4 հարթակում՝ Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում և ԿԳՄՍ նախարարության մուտքին հարող տարածքում: Ազատության հրապարակում ելույթով հանդես կգան Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլը, Հայաստանի երգի-պարի պետական անսամբլը, Հայաստանի պարի պետական անսամբլը և «Բերդ» պարային անսամբլը, ինչպես նաև Երևանի պարարվեստի պետական քոլեջի սաները, Հյուսիսային պողոտայի Եվրոպայի հրապարակում՝ Սոֆի Դևոյանի դպրոցի սաները, Հանրապետության հրապարակում՝ Վանուշ Խանամիրյանի անվան Հայաստանի պարարվեստի գործիչների միության պարային խմբերը, իսկ ԿԳՄՍ նախարարության մուտքին հարող տարածքում՝ Հայաստանի «Ակունք» ազգագրական համույթը և «Նանե Դանս Շոու»-ի սաները:

Ֆլեշմոբը տևելու է կես ժամ՝ ժամը 18:00-18:30:

ՀՀ մարզպետարանները նախապես տեղեկացվել են միջոցառման մասին․ մարզերում ևս կգործեն պարային ֆլեշմոբի հարթակներ։ Երևանի և մարզերի դպրոցներում կազմակերպվել են նաև պարի ուսուցման դասընթացներ:

Պարին նվիրված հանրային արշավը նպատակ ունի հանրահռչակել պարարվեստը՝ խրախուսելով ազգային պարերը։ Պարային ֆլեշմբի մասնակիցները պարելու են քոչարի և վերվերի։