Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթող, երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 76 կգ քաշային Աննա Ամրոյանը Մոլդովայում անցկացվող Եվրոպայի մեծահասակների առաջնությունում երկամարտի 231 կգ արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր՝ առաջին մեդալը նվաճելով մեծահասակների պայքարում։

Պոկում վարժությունում Ամրոյանը ցույց է տվել 100 կգ արդյունք, իսկ հրում վարժությունում 131 կգ արդյունքով արժանացել է փոքր բրոնզե մեդալին։

Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Միլենա Խաչատրյանը երկամարտի 226 կգ արդյունքով զբաղեցրել է 6-րդ տեղը։ Պոկում վարժության արդյունքներով Խաչատրյանը գլխավերևում պահել է 95 կգ կշռող ծանրաձողը, իսկ հրում վարժությունում 131 կգ արդյունքով դարձել է փոքր արծաթե մեդալակիր:

Մոլդովայում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 96 կգ քաշային հայ ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանն էլ երկամարտի 373 կգ արդյունքով զբաղեցրել է երրորդ տեղը՝ արժանանալով բրոնզե մեդալին։ Պոկում վարժությունում Հովհաննիսյանը, հաջող կատարելով բոլոր երեք մոտեցումները, գլխավերևում պահել է 173 կգ կշռող ծանրաձողը և արժանացել է փոքր բրոնզե մեդալին։ Հրում վարժությունում 203 կգ արդյունքով դարձյալ բրոնզե մեդալ է նվաճել։

Այսօր ավելի վաղ պայքարի են դուրս եկել նաև 81 կգ քաշային կանայք:

Հայաստանի հավաքականի անդամ Էմմա Պողոսյանը երկամարտի 230 կգ արդյունքով զբաղեցրել է 5-րդ տեղը։ Պոկում վարժության ժամանակ Էմման բարձրացրել է 100, իսկ հրումում՝ 130 կգ կշռող ծանրաձողերը։

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մարգարիտա Առաքելյանը երկամարտում ցույց է տվել 211 կգ արդյունք և 10-րդն էր (95+116 կգ):