ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն ու «LOGOS EXPO Center» ցուցահանդեսային ընկերությունն ապրիլի 16-18-ն անցկացնում են «Կրթություն և կարիերա EXPO 2025» ցուցահանդեսը:

Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող ավանդական 24-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսում ներկայացված են Հայաստանում և արտասահմանում գործող շուրջ 7 տասնյակ կազմակերպություններ, այդ թվում՝ բուհեր, քոլեջներ, դպրոցներ, ուսումնական կենտրոններ և միջազգային դոնոր կազմակերպություններ:

Բացման արարողությանը մասնակցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

««Կրթություն և կարիերա» Էքսպոն հնարավորություն է՝ ծանոթանալու մեր երկրում գործող տարբեր կառույցների կրթական ծրագրերին ու գործունեությանը, որը հատկապես կարևոր է երիտասարդների մասնագիտական կողմնորոշման, ինչպես նաև կարիերայի հետագա պլանավորումը ճիշտ իրականացնելու տեսանկյունից»,- ասել է նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Նախարարի տեղակալը շրջել է էքսպոյում, հետաքրքրվել, թե ուսումնական հաստատություններն ինչպիսի կրթական ծառայություններ են ներկայացրել։

Նա էքսպոյի մասնակիցներին մաղթել է բարի ընթացք՝ հույս հայտնելով, որ այս օրերին բազմաթիվ դպրոցականներ կայցելեն մարզահամերգային համալիր՝ ծանոթանալու կրթական հաստատություններին և առաջարկվող կրթական ծրագրերին։

Միջոցառման նպատակն է դպրոցականներին և ուսանողներին տրամադրել տեղեկություն ժամանակակից կրթության վերաբերյալ, նպաստել կրթօջախների և ձեռնարկությունների միջև գործնական հարաբերությունների կայացմանը, տեղեկացնել զբաղվածության շուկայում առավել պահանջարկ ունեցող մասնագիտությունների մասին, հանդիպումներ կազմակերպել գործազուրկների և իրական գործատուների միջև, ծրագրում ներգրավել պետական, մասնավոր և հասարակական կազմակերպությունների: