Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը Երևանում անցկացվող հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնության շրջանակում երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել՝ առավելության հասնելով Ուզբեկստանի ընտրանու նկատմամբ։

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։ Լրացուցիչ ժամանակում գոլեր չեն գրանցվել և հանդիպման ելքը վճռվել է հետխաղյա բուլիտներում, որտեղ մեր ընտրանին փայլուն հաղթանակ է տարել 2։0 հաշվով։ Հայաստանի թիմի կազմում իրենց հարվածներն անվրեպ են իրացրել Մաքսիմ Կուզնեցովը և Վալենտին Կովալենկոն։ Հանդիպման լավագույն խաղացողներից մեկը Հայաստանի հավաքականի դարպասապահ Արտյոմ Պուտուլյանն էր, որը չորս հարված հետ է մղել, ինչպես նաև շատ վստահ գործել ամբողջ խաղի ընթացքում։

Այս հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը 5 միավորով միանձնյա գլխավորում է IV դիվիզիոնի աշխարհի առաջնության մրցաշարային աղյուսակը։ Առաջին տուրում Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը 24:3 հաշվով ջախջախել էր Մալայզիային՝ տանելով իր պատմության ամենախոշոր հաշվով հաղթանակը:

Հայաստանի հավաքականն ԱԱ-ում հաջորդ հանդիպումը կանցկացնի ապրիլի 16-ին՝ Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում մրցելով Քուվեյթի ընտրանու հետ: Վերջինս երեկ առաջին հաղթանակն է տարել Երևանում անցկացվող առաջնությունում՝ առավելության հասնելով Ինդոնեզիայի նկատմամբ:

Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը 15 տարվա դադարից հետո առաջին անգամ է հանդես գալիս միջազգային ասպարեզում։