Հայաստանն առաջին մեդալներն է նվաճել Մոլդովայում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում:
55 կգ քաշային կանանց պայքարում Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի 2024 թվականի չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանը երկամարտի 202 կգ արդյունքով (85+117 կգ) դարձել է արծաթե մեդալակիր և նվաճել է փոխչեմպիոնի տիտղոսը։
Պոկում վարժության արդյունքներով Ալեքսանդրան գլխավերևում պահել է 85 կգ կշռող ծանրաձողն ու այս վարժությունում զբաղեցրել է 6-րդ տեղը: Հրում վարժությունում հայ մարզուհին ոսկե մեդալ է նվաճել՝ 117 կգ արդյունքով։
Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Իզաբելլա Յայլյանը երկամարտում ցույց տալով 193 կգ (90+103 կգ) արդյունք՝ զբաղեցրել է 6-րդ տեղը։
Տղամարդկանց հավաքականի անդամ, 61 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը երկամարտի 275 կգ արդյունքով (124+151 կգ) դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Երիտասարդների աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների հաղթող Գառնիկ Չոլակյանն առաջին մեդալն է նվաճել մեծահասակների Եվրոպայի առաջնությունում:
Պոկում վարժությունում Չոլակյանը հաջող է կատարել միայն մեկ մոտեցում, գլխավերևում պահել 124 կգ կշռող ծանրաձողն ու այս ձևում արծաթե մեդալ նվաճել: Հրում վարժությունում Չոլակյանը դարձյալ մեկ հաջող մոտեցմամբ ցույց է տվել 151 կգ արդյունք և զբաղեցրել 4-րդ տեղը:
Հայ մարզիկի պարգևատրման արարողությանը մասնակցել է նաև Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը:
Այսօր՝ ապրիլի 15-ին, Հայաստանը ներկայացուցիչ չի ունենա Եվրոպայի առաջնությունում: Ապրիլի 16-ին, մրցահարթակ դուրս կգա Եվրոպայի կրկնակի չեմպիոն, երիտասարդական ԱԱ-ի ոսկե մեդալակիր, 73 կգ քաշային Գոռ Սահակյանը: