Սլովակիայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը կարիերայում չորրորդ անգամ արժանացել է չեմպիոնի կոչմանը՝ եզրափակչում 3։1 հաշվով վստահ առավելության հասնելով վրացի Ռամազ Զոյձեի նկատմամբ։
Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ ժամանակից շուտ 9:0 հաշվով առավելության էր հասել աշխարհի և Եվրոպայի փոխչեմպիոն, լեհ Մատեուշ Բենրատեկի նկատմամբ: Քառորդ եզրափակչում Ամոյանը 7:2 հաշվով հաղթել էր մոլդովացի Ալեքսանդր Սոլովեյին, իսկ կիսաեզրափակչում 5։1 հաշվով ուժեղ էր գտնվել Բուլղարիան ներկայացնող Հայկ Մնացականյանից:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 63 կգ քաշային Կարեն Ասլանյանը դարձել է ԵԱ-ի արծաթե մեդալակիր՝ եզրափակչում համառ պայքարում զիջելով Թուրքիայի ներկայացուցիչ Կերեմ Քամալին։ Կարեն Ասլանյանը պայքարը սկսել էր քառորդ եզրափակչից, որտեղ 30 վայրկյանում 8:0 հաշվով առավելության էր հասել Լեհաստանի ներկայացուցիչ Մայրբեկ Սալիմովի նկատմամբ: Կիսաեզրափակչում արդեն հայ ըմբիշը դարձյալ ժամանակից շուտ 8։0 հաշվով հաղթել էր ուկրաինացի Անդրեյ Սեմենչուկին։
Հունահռոմեական ոճի ըմբիշ, 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը պարտվել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալի համար պայքարում։ Վճռորոշ գոտեմարտում Խաչատրյանը 1։3 հաշվով զիջել է վրացի Վախթանգ Լոլուային։ Բրոնզե մեդալ նվաճելուն մոտ է եղել նաև 82 կգ քաշային Սամվել Գրիգորյանը, որը, սակայն, վճռորոշ գոտեմարտում 1:3 զիջել է Վրաստանի ներկայացուցիչ Գելա Բոլկվաձեին։
Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի ու Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով չի կարողացել գոտեմարտել Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալի համար։
Ալեքսանյանը պայքաը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 5:1 հաշվով առավելության էր հասել էստոնացի Ռիչարդ Կարելսոնի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում 5:2 հաշվով հաղթել էր վրացի Նիկոլոս Կախելաշվիլիին, որը ներկայացրել է Իտալիան: 97 կգ քաշայինների կիսաեզրափակչում Ալեքսանյանը համառ պայքարում 1։2 հաշվով ցավալի պարտություն է կրել աշխարհի կրկնակի փոխչեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, բուլղարացի Կիրիլ Միլովից։
Այսպիսով, Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը ԵԱ-ում մրցելույթներն ավարտել է մեկ ոսկե և մեկ արծաթե մեդալով:
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունում ավելի վաղ 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ էր նվաճել: Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 5-րդ տեղը: Հայաստանի թիմից ԵԱ-ի արծաթե մեդալներին արժանացել էին աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը և Եվրոպայի 2024 թ. չեմպիոն, 70 կգ քաշային Արման Անդրեասյանը, իսկ բրոնզե մեդալը նվաճել էր Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը:
Եվրոպայի առաջնության շրջանակում Արթուր Ալեքսանյանը և ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ, Հայաստանի վաստակավոր մարզիչ, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը ստացել են նաև 2024 թ. Եվրոպայի լավագույն մարզիկի ու մարզչի պարգևները: