Երիտասարդների աշխարհի կրկնակի ոսկե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը Խորվաթիայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի նժույգ թափեր վարժության եզրափակչում վաստակել է 14,633 միավոր և դարձել ոսկե մեդալակիր։

Համլետ Մանուկյանը մեծահասակաների պայքարում նվաճել է իր առաջին մեդալը:

Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ, երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն Մամիկոն Խաչատրյանը վաստակել է 14,033 միավոր։

Հայաստանի հավաքականի կազմում համաշխարհային Ունիվերսիադայի կրկնակի հաղթող Արթուր Ավետիսյանը հանդես է եկել օղակների վարժության եզրափակչում և վաստակելով 14,466 միավոր՝ արժանացել բրոնզե մեդալին։

Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ, Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը վաստակել է 14,033 միավոր։

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի բոլոր 5 անդամները դուրս էին եկել սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի եզրափակիչ:

Օլիմպիական խաղերի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի գավաթի խաղարկության կրկնակի հաղթող Արթուր Դավթյանը վաղը՝ ապրիլի 13-ին, հանդես կգա հենացատկի վարժության եզրափակչում։