Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանն արծաթե մեդալ է նվաճել:
Եզրափակիչ գոտեմարտում Հարությունյանը համառ պայքարում 5:7 հաշվով զիջել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի կրկնակի ոսկե մեդալակիր, ռուսաստանցի Զաուր Ուգուևին:
Արսեն Հարությունյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 11:0 հաշվով առավելության էր հասել Բելառուսի ներկայացուցչի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում 12:2 հաշվով հաղթել էր մոլդովացի ըմբիշին: Կիսաեզրափակչում Հարությունանը 5-2 հաշվով առավելության էր հասել Ալբանիան ներկայացնող Զելիմխան Աբակարովին։
Այսպիսով, Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունում ելույթներն ավարտել է 2 արծաթե և 1 բրոնզե մեդալով: Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 5-րդ տեղը:
Հայաստանի թիմից ավելի վաղ արծաթե մեդալակիր էր դարձել Եվրոպայի 2024 թ. չեմպիոն, 70 կգ քաշային Արման Անդրեասյանը, իսկ բրոնզե մեդալը նվաճել էր Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը:
Ապրիլի 11-ից մրցագորգը կտրամադրվի հունահռոմեական ոճի ըմբիշներին: Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ մրցավայր կմեկնեն Մանվել Խաչատրյանը (55 կգ), Կարապետ Մանվելյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ), Կարեն Խաչատրյանը (87 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ), Դավիթ Օվասապյանը (130 կգ)։