Դպրոցական սննդի միջազգային օրվա շրջանակում Արարատի մարզի Փոքր Վեդիի Մ. Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոցում իրականացվել է «Առողջ ապրելակերպի շաբաթ» միջոցառումը։ Այն կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ), Ռուսաստանի ճյուղային սննդի ինստիտուտի (SIFI) համագործակցությամբ` ԿԳՄՍՆ Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի կողմից:
Ողջ շաբաթվա ընթացքում Վեդիի Մ. Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոցի 3-րդ և 4-րդ դասարանների աշակերտներն իրենց ուսուցիչների ուղեկցությամբ մասնակցել են առողջ սննդակարգին ու ապրելակերպին վերաբերող մի շարք միջոցառումների.
- Առողջ սնվելու հիմունքները՝ ներկայացված աշխույժ ինտերակտիվ թատերական ներկայացման միջոցով:
- Խոհարարական քվեստ, որի ընթացքում երեխաները սովորում են տարբերակել առողջ և անառողջ սնունդը, պատրաստել սննդարար նախուտեստներ և կատարել սննդի ավելի առողջ ընտրություն:
- Գիտակցված սնվելու դասընթաց, որտեղ ծնողներն ու աշակերտները խոհարարի և սննդաբանի օգնությամբ միասին պատրաստում են առողջ ուտեստներ՝ կարևորելով սննդի ճիշտ ընտրությունը:
- Ակտիվ ապրելակերպի թեմայով թիմային խաղեր, որոնք խրախուսում են ֆիզիկական ակտիվությունն ու թիմային աշխատանքը:
- Ուսուցողական վիկտորինա և մրցանակաբաշխություն, որի ընթացքում երեխաները պարգևատրվում են «Առողջ շաբաթվա» ընթացքում իրենց մասնակցության և ձեռքբերված գիտելիքների համար:
Նշենք, որ ՀՀ դպրոցներն արդեն մի քանի տարի է՝ ինչ մասնակցում են «Առողջ ապրելակերպի շաբաթ» նախաձեռնությանը` «Դպրոցական սնունդ» ծրագրի գործընկերների աջակցությամբ: Միջոցառումը նպատակ ունի է ինտերակտիվ խաղերի և ուսուցման տարբեր մեթոդների կիրառմամբ տարրական դասարանների սովորողների մոտ ձևավորել առողջ ապրելակերպի և ճիշտ սննդակարգի վարքականոն: