ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնը շարունակում է իրականացնել «Ներառականությունը մշակութային կրթության ոլորտում» ծրագիրը։

Ծրագրի նպատակն է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները հնարավորություն կունենան ստանալու ներառական և որակյալ կրթություն, չեն մեկուսանա ընդհանուր կրթական համակարգից:

Մարտի 24-29-ն կայացել են այս տարվա առաջին փուլի դասընթացները, որոնք անցկացվել են Արարատի մարզի Վեդի քաղաքում. մասնակցել են 3 ուսումնական հաստատությունների 35 մանկավարժ։

Դասընթացների ընթացքում բանախոսները ներկայացրել են ներառական կրթության հիմնախնդիրները, անդրադարձել, թե ինչպես կարելի է ստեղծել միջավայր, որտեղ յուրաքանչյուր երեխա, անկախ իր առանձնահատկություններից, կզգա իր կարևորությունը և լիարժեք կմասնակցի դասապրոցեսին։ Կիրառվել են գործիքներ, որոնք օգնում են հաղթահարել հնարավոր խոչընդոտները՝ ինչպես մանկավարժների, այնպես էլ երեխաների համար։ Մասնակիցները քննարկել են կրթական միջավայրի հարմարեցման հարցերը, հասարակության մոտեցումները հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ, ինչպես նաև ներկայացրել են միջազգային և հայաստանյան փորձը մշակութային կրթության ոլորտում։

Այս դասընթացները մեթոդական աջակցություն են ապահովում՝ առաջարկելով գաղափարներ, որոնք պետք է ծառայեն ներառական մոդելին, որտեղ բոլոր երեխաները, անկախ իրենց տարբերություններից, կարող են միասին ստանալ կրթություն և ոգեշնչվել արվեստից։

«Ներառականությունը մշակութային կրթության ոլորտում 2025» ծրագրին մասնակցելու են նաև Երևանի, Գեղարքունիքի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Տավուշի, Շիրակի մարզերի 15 ուսումնական հաստատությունների շուրջ 200 մանկավարժներ։