Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնն արդեն գործում է Վարդանանց 30 հասցեում. տարածքը կենտրոնին տրամադրվել է ՀՀ կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի որոշմամբ՝ անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն՝ ծանոթանալու շենքային պայմաններին, կառույցի վերանորոգման և հիմնանորոգման աշխատանքներին, ստեղծագործական գործընթացներին և առաջիկա անելիքներին:
Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանի տեղեկացմամբ՝ 2025 թվականի մարտի 1-ից կենտրոնի վարչական և կազմակերպչական բաժինները, ինչպես նաև անսամբլներից` Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը և Հայաստանի «Ակունք» ազգագրական համույթը, իրենց գործունեությունն են իրականացնում տարածքի բարեկարգված հատվածում: Նախարարի տեղակալը շրջել է տարածքում, ծանոթացել վարչական կազմի հետ, հետաքրքրվել, թե որքանով են նոր պայմանները հարմար աշխատանքային գործունեության կազմակերպման համար:
Այնուհետև նախարարի տեղակալը ներկա է եղել Հայաստանի «Ակունք» ազգագրական պետական համույթի փորձին, որից հետո տնօրենի և ստեղծագործական կազմի հետ քննարկվել են համույթի առաջիկա ծրագրերը, երկացանկի հարստացման, զարգացման, տարածման և հանրահռչակմանն ուղղված քայլերը:
Դանիել Դանիելյանի ընդգծմամբ՝ նախարարության քաղաքականության առանցքային ոլորտներից է հայկական ժողովրդական արվեստը՝ երաժշտությունը, երգն ու պարը. «Նախարարությունը կարևորում է հայ ավանդական երաժշտության կատարողական արվեստի զարգացումը, և այն մեր ուշադրության կենտրոնում է: Անհրաժեշտ է շեշտը դնել կրթական գործընթացների և ոլորտն առավել գրավիչ դարձնելու քայլերի վրա: Միասին պետք է բոլոր ջանքերը ներդնենք, որպեսզի այս կենտրոնն իր որակական և մասնագիտական բարձր պատրաստվածությամբ դառնա ռեսուրս կենտրոն պետական և մասնավոր մյուս խմբերի և համույթների համար»:
Անդրադառնալով երիտասարդ արվեստագետների կրթական և մասնագիտական ներուժին՝ նախարարի տեղակալը կարևորել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Հայ ավանդական երաժշտության կատարողական արվեստի ամբիոնի ուսանողների և լավագույն շրջանավարտների ներգրավումը կենտրոնի ստեղծագործական աշխատանքներում:
Նշենք, որ «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կազմում գործունեություն են ծավալում Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլը, Հայաստանի պարի պետական անսամբլը, Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլը, Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը, Հայաստանի «Ակունք» ազգագրական պետական համույթը: