Ապրիլի 18-ը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է: Օրվան ընդառաջ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ տարբեր մարզերում և Երևան քաղաքում կանցկացվեն տարաբնույթ միջոցառումներ՝ գիտաժողովներ, կրթական ծրագրեր, տեղեկատվական արշավներ, քայլարշավներ դեպի հուշարձաններ, հուշարձաններին վերաբերվող սահիկաշարերի, լուսանկարների, տեղեկատվական այլ նյութերի ցուցադրում, բաց դասեր, ֆիլմերի դիտումներ, տարածքների մաքրման աշխատանքներ:
Ծրագիրը միտված է հուշարձանների հանրահռչակմանն ու հասարակության լայն շերտերի իրազեկմանը: Հատուկ կարևորություն է տրվում նախատեսված միջոցառումներին դպրոցականների ակտիվ մասնակցությանը՝ հուշարձանների պահպանությունն ու հանրահռչակումը դիտարկելով որպես ուսուցման գործընթացի հավելյալ բաղադրիչ:
Միջոցառումները կազմակերպվում են «Պատմամշակութային արգելոց֊թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» և «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ֊ների հետ համագործակցությամբ:
ՅՈՒՆԵՍԿՕ-ն ապրիլի 18-ը նշում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր 1983 թվականից՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) առաջարկությամբ: Յուրաքանչյուր տարի ապրիլի 18-ին բազմաթիվ երկրներ տարաբնույթ միջոցառումների միջոցով բարձրացնում են հասարակության տեղեկացվածության մակարդակը համաշխարհային ժառանգության բազմազանության, դրա պաշտպանության ու պահպանության վերաբերյալ: