Մեկնարկել է գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքները (R&D) որպես այդպիսին որակելու նպատակով հայտերի և դրան կից գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների ծրագրի ընդունումը (ՀՀ կառավարության 13.02.2025 թ. N 195-Ն որոշում):
Հայտը և ծրագիրը լրացվում են գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների ոլորտի ընկերությունների կողմից էլեկտրոնային եղանակով՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի private.hesc.am առցանց համակարգի միջոցով։
Հիշեցնենք, որ նշյալ որոշումը չի տարածվում ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող կիրառական գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքների վրա։
Հայտատուն համակարգում պետք է լրացնի հետևյալ տվյալները`
- անվանումը՝ հայերեն և անգլերեն,
- կազմակերպական-իրավական ձև (ՍՊԸ, ՓԲԸ, ԱՁ, ԲԲԸ, ՊՈԱԿ, ՈԱԿ),
- գրանցման հասցե,
- հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ),
- տնօրենի անուն, ազգանուն, հայրանուն (Ա․Ա․Հ․),
- էլեկտրոնային փոստի հասցե,
- հեռախոսահամար,
- գործունեության նկարագիր,
- ծրագրի վերնագիր,
- գիտական հետազոտության և փորձարարական մշակումների աշխատանքի անվանումը՝ ըստ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանի 1-ին կետով հաստատված հավելվածով սահմանված տնտեսական գործունեության դասակարգչի նկարագրի,
- գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների իրականացման ակնկալվող սկզբի և ավարտի օրը, ամիսը և տարին,
- Հարկային օրենսգրքի ո՞ր հոդվածի, ո՞ր մասի, ո՞ր կետին (121-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետ, 123-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ, 150-րդ հոդվածի 1.1 մաս) համապատասխանության պարագայում է ներկայացվում,
- համակարգի «Ֆայլեր» բաժնում զետեղված ձևով պահանջվող այլ տեղեկություններ և փաստաթղթեր։
Հայտատուի հայտը և ծրագիրը մասնագիտական հանձնաժողովի կողմից որպես գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքներ որակվելու դեպքում հայտատուն կկարողանա օգտվել ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված հետևյալ արտոնություններից. այդ թվում
- շահութահարկի հաշվարկման նվազեցումներ,
- ամորտիզացիոն մասհանումներ,
- R&D իրականացնող մասնագետների նկատմամբ եկամտային հարկի 10% դրույքաչափի կիրառում։
Գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքները որպես այդպիսին որակելու համար նշյալ որոշմամբ սահմանվել է 5 հիմնական չափանիշ՝
- նորույթի չափանիշ,
- ստեղծարարության չափանիշ (ոչ բացահայտ հայեցակարգերի և հիպոթեզների վրա հիմնված լինելը),
- վերջնարդյունքների անորոշության չափանիշ,
- համակարգվածության չափանիշ (բովանդակային ծրագրումը և ֆինանսական նախահաշվարկը),
- փոխանցելիության կամ վերարտադրելիության չափանիշ։
Համաձայն որոշման՝ հայտը և ծրագիրը լրացնելու նպատակով համակարգը հասանելի է դառնում յուրաքանչյուր եռամսյակի առաջին ամսվա առաջին աշխատանքային օրվանից մինչև տվյալ ամսվա վերջին աշխատանքային օրը։
Հայտի ուղարկման հնարավորությունը private.hesc.am համակարգի միջոցով կարգելափակվի ապրիլի 30-ին՝ Երևանի ժամանակով ժամը 18:00-ին։
Հարցերի դեպքում դիմել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ԲԿԳՔՎ փորձարարական մշակումների և ինովացիոն ծրագրերի բաժին, հեռախոս՝ 010-300-109 (+830)։