Հայաստանի հոկեյի հավաքականը Երևանում կայանալիք տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունից առաջ կանցկացնի վերջին ուսումնամարզական հավաքը: Վադիմ Գուսկովի գլխավորությամբ թիմն ապրիլի 1-12-ը կմարզվի Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում, որտեղ կկայանան մրցաշարի հանդիպումները:

Առաջնության շրջանակում կանցկացվի 15 հանդիպում, որոնց կմասնակցեն Հայաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության, Քուվեյթի, Մալայզիայի, Ինդոնեզիայի և Ուզբեկստանի հավաքականները:

Հայաստանի հավաքականի հանդիպումների ժամանակացույցը՝

Ապրիլի 13, ժամը 20:00՝ Հայաստան-Մալայզիա

Ապրիլի 14, ժամը 20:00՝ Ուզբեկստան-Հայաստան

Ապրիլի 16, ժամը 20:00՝ Քուվեյթ-Հայաստան

Ապրիլի 17, ժամը 20:00՝ Հայաստան-Իրանի Իսլամական Հանրապետություն

Ապրիլի 19, ժամը 17:00՝ Ինդոնեզիա-Հայաստան

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը, խոսելով թիմի պատրաստվածության և ունեցած սպասելիքների մասին, նշել է՝ արդյունքը պետք է լինի առավելագույնը, իսկ պահանջները՝ ամենաբարձրը:

«Երբ դուրս ես գալիս սառույց, միշտ ցանկանում ես զբաղեցնել առաջին տեղը. այլ բանի տրամադրվելն անիմաստ է։ Արդյունքը պետք է լինի առավելագույնը, իսկ պահանջները ամենաբարձրը։ Այդ պատճառով այս պահին չեմ ծանրաբեռնում ինձ այն մտքերով, թե ինչն է լինելու անհաջողություն, իսկ ինչը՝ հաջողություն։ Իմ խնդիրը մեծ ու կարևոր առաքելությունը փոքր քայլերի բաժանելն է և դրանք աստիճանաբար լուծելն ըստ հնարավորության»,- ասել է մարզիչը:

Վադիկ Գուսկոն ընդգծել է՝ առանց երկրպագուների աջակցության թիմի շանսերը կտրուկ նվազում են. «Մեծ հոկեյը վերադառնում է Հայաստան։ Հավաքականը հանդես կգա շատ երկար դադարից հետո։ Առանց մեր երկրպագուների, առանց լեփ-լեցուն տրիբունաների՝ մեր շանսերը կտրուկ նվազում են»։

Հանդիպման տոմսերը վաճառվում են SHO4ME.COM կայքում։

Հայաստանի հավաքականը վերջին անգամ մասնակցել է 2010 թվականին անցկացված մրցաշարին III-րդ դիվիզիոնում։