ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է Եվրոպական միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի ղեկավար կոմիտեի տարեկան նիստին:
Հիբրիդային ձևաչափով անցկացված հանդիպման ընթացքում քննարկվել են «Ստեղծագործ Եվրոպայի» 2021-27 թթ. համար նախանշված ծրագրերը, մասնավորապես գալիք տարվա գործողությունները:
Նիստին մասնակցել են «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի անդամ երկրների ներկայացուցիչները։ ՀՀ-ից քննարկմանը մասնակցել է նաև ԿԳՄՍՆ ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը:
Նիստի ընթացքում քննարկվել են «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի մեդիա և եվրոպական մշակութային մայրաքաղաք բաղադրիչների նախորդ տարիների արդյունքները: Անդրադարձ է կատարվել նաև 2018-2024 թվականների ընթացքում Եվրոպական ժառանգության անվանակոչման բաղադրիչի ընթացքին, տվյալների հավաքագրմանը և ստեղծմանը, ինչպես նաև մի շարք այլ հարցերի:
Նիստի ավարտին մասնակից երկրների պատվիրակները հաստատել են «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի 2026 թվականի գործողությունները:
Նշենք, որ «Ստեղծագործ Եվրոպա» շրջանակային ծրագիրը մշակույթի ոլորտում ԵՄ ամենամեծ ծրագիրն է: Հայաստանը ծրագրին մասնակցում է դեռևս 2016 թվականից: 2021 թվականից մեկնարկել է նշյալ ծրագրի «Մշակույթ» բաղադրիչի երկրորդ շրջափուլը, որը գործելու է մինչև 2027 թվականը։ 2023-24 թվականին մշակույթի ոլորտի 100 անհատներ և 30 կազմակերպություններ ներկայացրել են հայտադիմումներ՝ ծրագրին մասնակցելու նպատակով։ Աջակցություն է տրամադրվել 30 անհատի և 10 կազմակերպության։
Ներկայում ԿԳՄՍ նախարարությունը աշխատանքներ է իրականացնում «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի մեդիա բաղադրիչին միանալու ուղղությամբ: Այդ նպատակով ձևավորվել է աշխատանքային խումբ, որը մշակում է ծրագրի նշված բաղադրիչին միանալու աշխատանքներն ու ճանապարհային քարտեզը: Մեդիա բաղադրիչին անդամակցությունը հնարավորություն կտա խթանելու տեսալսողական մեդիայի ոլորտում գործունեությունը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության զարգացումը։