Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը Հալլե քաղաքում հանդիպել է Գերմանիայի Դաշնային Մշակույթի հիմնադրամի ղեկավարների և ստեղծագործական կազմի ներկայացուցիչների հետ։
Գերմանիայի Դաշնային Մշակույթի հիմնադրամի գործադիր խորհրդի անդամ Լուց Նիցշեն և «WAYS» ծրագրի համաղեկավար Քորա Հեգվալդը ներկայացրել են իրենց գործունեությունը, կառուցվածքը` նախանշելով համանման հայաստանյան կառույցների հետ համագործակցության հնարավորությունները։
Հանդիպման ընթացքում Ալֆրեդ Քոչարյանը ներկայացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից նախորդ տարի ստեղծված Մշակույթի զարգացման հիմնադրամի մոդելը` ընդգծելով, որ կառույցը ստեղծվել է թանգարանային ոլորտում միասնական կառավարման մոդել ներդնելու և այդպիսով թանգարանների զարգացմանը նպաստելու նպատակով։
Քննարկման ընթացքում կարևորվել է Հայաստան-Գերմանիա մշակութային կապերի զարգացումը: Այս համատեքստում առաջարկվել է դիտարկել փոխանակման համատեղ ծրագրերի իրականացումը, որոնք հայ և գերմանացի մասնագետներին հնարավորություն կտան որոշ ժամանակով աշխատելու մշակութային համապատասխան կառույցներում:
Հիշեցնենք, որ այս այցի շրջանակում Ալֆրեդ Քոչարյանը Լայպցիգում մասնակցել էր նաև Ավետիք Իսահակյանի հուշատախտակի բացման արարողությանը, որից հետո «Alte Börse» համերգասրահում տեղի էր ունեցել դասական երաժշտության համերգ. կատարվել էին Իսահակյանի բանաստեղծությունների հիման վրա գրված երգեր: