«Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակում տեղի է ունեցել հանդիպում, որը նվիրված էր Հայաստանի՝ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի մեդիա բաղադրիչին միանալու գործընթացին։ Հանդիպումը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ, ԲՏԱ նախարարությունների, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի, ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչները, «Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակի անձնակազմը, մեդիա ոլորտի փորձագետներ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են գործընթացի արդյունավետ իրականացմանն ուղղված անհրաժեշտ քայլերը, ինչպես նաև տեսալսողական ոլորտի ներկայացուցիչների համար նախատեսվող հնարավորությունները։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է «Ստեղծագործ Եվրոպայի» մեդիա բաղադրիչին անդամակցությունն ինչպես տեսալսողական մեդիայի դերակատարների զարգացման հնարավորությունների ընդլայնման, այնպես էլ քաղաքացիական հասարակության գործունեության խթանման տեսանկյունից։ Քննարկման արդյունքում նախանշվել է անդամակցության ճանապարհային քարտեզը, ձևավորվել է աշխատանքային խումբ՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության աջակցությամբ ներգրավված տեսալսողական ոլորտի փորձագետների մասնակցությամբ։

Նախարարի տեղակալը կարևորել է փորձագետների ներգրավումը «Ստեղծագործ Եվրոպայի» մեդիա բաղադրիչին անդամակցության, ինչպես նաև ՀՀ-ի և ԵՄ-ի միջև Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի այլ դրույթների կյանքի կոչման տեսանկյունից: Հանդիպման ընթացքում նշվել է, որ ուսումնասիրվելու է տեսալսո­ղա­կան մեդիային, կինոյին, մտավոր սեփականության պաշտպանությանն առնչվող իրավական դաշտը՝ համապատասխան ոլորտներում ՀՀ օրենսդրությունը եվրոպական չափանիշներն համապատասխանեցնելու նպատակով։

2023-24 թվականին մշակույթի ոլորտի 100 անհատներ և 30 կազմակերպություն ներկայացրել են հայտադիմումներ՝ ծրագրին մասնակցելու նպատակով։ Աջակցություն է տրամադրվել 30 անհատի և 10 կազմակերպության։

Մեդիա բաղադրիչին անդամակցությունը ծրագրից օգտվելու հնարավորություն կտա նաև կինոարտադրության և տեսալսողական ոլորտի ներկայացուցիչներին։

«Ստեղծագործ Եվրոպա» շրջանակային ծրագիրը մշակույթի ոլորտում ԵՄ ամենամեծ ծրագիրն է: Հայաստանը ծրագրին մասնակցում է դեռևս 2016 թվականից: 2021 թվականից մեկնարկել է նշյալ ծրագրի «Մշակույթ» բաղադրիչի երկրորդ շրջափուլը, որը գործելու է մինչև 2027 թվականը։